Խորհրդարանական ընտրություններում թեկնածուների առաջադրման առաջին օրը ոչ մի քաղաքական կուսակցություն կամ դաշինք համամասնական ընտրացուցակ չի ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր` մարտի 12-ին, մեկնարկել է համամասնական ընտրակարգով թեկնածուների առաջադրման գործընթացը: Մեծամասնական ընտրակարգով թեկնածուները կարող են իրենց դիմումները ներկայացնել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում:
Թեկնածուները կարող են իրենց դիմումները ներկայացնել մինչեւ մարտի 22-ը, ժամը 18-ը:
Համաձայն փետրվարի 24-ին ընդունված ժամանակացույցի, ապրիլի 1-ից տեղի է ունենալու կուսակցությունների գրանցումը: Մինչեւ ապրիլի 6-ը կուսակցությունները եւ մեծամասնականով առաջադրված թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց եկամուտների մասին հայտարարագրեր: Ապրիլի 8-ից մինչեւ մայիսի 4-ը տեղի է ունենալու ԱԺ ընտրությունների քարոզարշավը, իսկ մայիսի 6-ին կայանալու են ընտրությունները:
Հինգերորդ գումարման Ազգային Ժողովում 90 ատգամավորներ կընտրվեն կուսակցական ցուցակներով, 41-ը` մեծամասնական:




























