Լրագրողների դեմ ճնշումների առումով դրական տեղաշարժ չի եղել եւ ճնշումները տեղափոխվել են դատական համակարգ: Այս մասին, այսօր` մարտի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, արձագանքելով Սերժ Սարգսյանի այն գնահատականին, թե լրագրողների դեմ ճնշումները նվազել են:

Ասուլիսին հրավիրված ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ արձագանքեց, որ զրպարտության դեմ դատական հայցերը պետք չէ դիտարկել որպես ճնշում:

Անդրադառնալով ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի կողմից առաջ քաշված ՀՀԿ-ի նոր կարգախոսին` «Հավատանք, որ փոխենք», Լարիսա Ալավերդյանն ասաց, որ չի հասկանում, թե ինչին հավատա,  ինչին ի պատասխան Հովհաննես Սահակյանը նկատեց. «Պետք է հավատանք ինքներս մեզ, որ կարողանանք փոփոխությունների շարքը իրականացնել: Ինձ համար ցավ է, որ այդ հսկայական եւ բավականին լուրջ  ելույթից մեկ երկու բառ վերցնում ենք եւ շեշտադրումներ ենք անում: Երբ կորցնում ես փողդ, ոչինչ չես կորցնում, երբ կորցնում ես ընկերոջդ, կիսով չափ կորցնում ես քեզ, իսկ երբ կորցնում ես հավատդ, ամբողջովին կորցնում ես քեզ»: