Yahoo! Inc. ընկերությունը Սան Խոսե քաղաքի դատարան հայց է ներկայացրել, որում  Facebook Inc.-ին մեղադրել է Yahoo!-ին պատկանող հեղինակային տասնյակ իրավունքների խախտման մեջ: Yahoo!-ի հայցում խոսվում է առցանց գովազդի, հաղորդագրությունների փոխանցման, գաղտնիության կարգավորումների  եւ այլնի տեխնոլոգիաների արտատպության մասին, որոնք անհրաժեշտ են հաջողված համացանցային կայք ստեղծելու համար: Ընկերությունը պահանջում է արգելել տեխնոլոգիաների կիրառումը եւ վնասը փոխհատուցել եռակի չափով:

Հիշեցնենք, տեղեկությունը, որ Yahoo!-ն սպառնացել է Facebook սոցիալական ցանցին դատական հայց ներկայացնել իր պատենտների խախտման համար, հայտնվել էր փետրվարի վերջին: Այն ժամանակ հաղորդվել էր, որ Yahoo!-ն  Facebook-ից պահանջել է գնել պատենտներում նկարագրված տեխնոլոգիաները: Բայց գոհացուցիչ պատասխան չստանալով ընկերությունը դիմել է դատարան:

Facebook-ի ներկայացուցիչները հաղորդել են, որ ափսոսանքով են լսել Yahoo!-ի հայցի մասին եւ հիասթափված են: Ընկերությունը նաեւ տարակուսում է, որ այդ հայցի մասին թերթերից է իմացել:

Փորձագետները սա անվանում են սոցիալական ցանցերում տեխնոլոգիական ընկերությունների առաջին խոշոր մենամարտը, գրում է «Կոմերսանտը»: Նրանք նաեւ նշում են, որ հայցը տրվել է Facebook-ի համար խիստ անբարենպաստ ժամանակ, երբ ընկերությունը հայտարարել էր  սպասվող IPO-ի մասին, որի ընթացքում մտադիր էր 100 մլրդ դոլար վաստակել: