ՀՀԿ համագումարում հնչած Սերժ Սարգսյանի ելույթն ուղղված էր երեք լսարանի, որոնց նա դիմում եւ հորդորում էր հավատալ ու փոխել: Այս մասին, այսօր` մարտի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը: Նրա խոսքով, առաջին մեսիջն ուղղված էր այնտեղ նստած ՀՀԿ-ի բազմությանը. «Եթե դուք չեք հավատում, բա մնացածից ի՞նչ եք ուզում, որ հավատան ու փոխեն»:

Երկրորդ մեսիջն, ըստ Կարապետյանի, հանրությանն էր ուղղված, երրորդն էլ արտաքին խաղացողներին: «Հայաստանին ինվեստիցիոն աճուրդին մասնակցելու այլ բան չի մնացել, քան ժողովրդավարությունը: Հիմա աճուրդի են հանել ժողովրդավարությունը, քանի որ էլ բան չկա ծախելու: Ժամանակին Հայաստանում ժողովրդավարություն եղել է, բայց այն տարեց-տարի մսխվում է: Հիմա, որ ասենք Սերժ Սարգսյանն այդ հարցում Լեւոն Տեր-Պետրոսյանի շարունակողն է, սխա՞լ կլինենք: Կարծես, թե սխալ չենք լինի»,- նկատեց Արամ Կարապետյանը:

Ասուլիսի մյուս բանախոս` ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանն էլ նշեց. «Ասել, որ Սերժ Սարգսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի շարունակությունն է, ծիծաղելի է, որովհետեւ դեմոկրատիան ինքնաբավ արժեք է, որից երբեմն հեռանում ես, երբեմն` մոտենում: Այո, հիմա մոտենալու խիստ հրատապ պահանջ կա: Այո, ժողովրդավարություն եղել է Լեւոն Տեր- Պետրոսյանի կառավարման տարիներին, բայց ասել, որ Սերժ Սարգսյանի ոտքերն աճում են Լեւոն Տեր-Պետրոսյանից, չի կարելի, որովհետեւ դեմոկրատիայից են աճում»:

Բադեյանը նաեւ հավելեց, որ ե’ւ ժամանակն է պահանջում, որ ունենանք ավելի ժողովրդավարական հասարակություն, ե’ւ երկիրը ղեկավարող անձն է ինքն իր էությամբ ավելի ժողովրդավար: