Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ հանդիպումից մի քանի օր անց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների Համակարգող խորհրդի պատվիրակությունը, որի կազմում են Միշել Ղազարյանը (Լիոն), Պասկալ Շամասյանը (Մարսել), Ալեքսիս Գովսիյանը, Մուրադ Փափազյանը եւ Արա Թորանյանը (Փարիզ), հանդիպել է սոցիալիստների նախագահի թեկնածու Ֆրանսուա Օլանդի հետ` Փարիզի նրա նախընտրական շտաբում, հայտնում է «Nouvelles d`Arménie»-ն:

Այդ հանդիպումից հետո Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների Համակարգող խորհուրդը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. 

«Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների Համակարգող խորհրդի (CCAF) ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում մարտի 12-ին` երկուշաբթի օրը, Ֆրանսուա Օլանդը եւս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել աշխատել Հայոց ցեղասպանության ժխտման  համար քրեական պատիժ սահմանելու ուղղությամբ: Սոցիալիստական կուսակցության նախագահի թեկնածուն պարտականություն է ստանձնել ժամկետի սկզբում ներկայացնել կառավարական օրինագիծ, որը կարող է բավարարել այդ անհրաժեշտությունը: Նա նաեւ հիշեցրել է, որ եթե դառնա պետության ղեկավար, Ֆրանսիայի համար Հայոց ցեղասպանության ճանաչումը կդառնա Եվրոպայում Թուրքիայի անդամակցության վերաբերյալ չափորոշիչների մի մաս: Բացի դրանից, նա սկզբունքորեն համաձայնել է  Փարիզում Հայոց ցեղասպանության թանգարան-հուշահամալիր ստեղծելուն, որը նախատեսված է հիմնել 2015 թվականին` մարդկության դեմ այդ հանցագործության հարյուրամյա տարելիցի շրջանակում: Վերջապես, Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ հատուկ ուշադրություն կդարձնի Լեռնային Ղարաբաղում զինված գործողությունները  վերսկսելը կանխելուն:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների Համակարգող խորհուրդը  ողջունում է Ֆրանսուա Օլանդի` Հայկական հարցին հավատարիմ լինելը, ինչպես նաեւ  նրա հաստատուն ցանկությունն իր ժամկետի հենց սկզբից Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագծի ընդունման առումով»: