Ռուս հայտնի հաղորդավար Քսենյա Սոբչակին մեղադրել են Life News-ի աշխատակիցների վրա հարձակվելու մեջ: News Media հոլդինգի ղեկավար Աշոտ Գաբրիելյանովը հայց է ներկայացրել ՆԳՆ Մոսկվայի վարչություն Սոբչակի, նաեւ ընդդիմադիրներ Իլյա Յաշինի եւ Անաստասիա Օգնեւայի դեմ: Գաբրիելյանովը հայցը հրապարակել է Կենդանի մատյանի իր բլոգում:
Նրա խոսքով, գիշերն իրեն են զանգահարել Life News-ի աշխարհիկ խրոնիկայի բաժնի լրագրողներն ու հայտնել, որ իրենց վրա են հարձակվել հաղորդավար Քսենյա Սոբչակը, Յաշինն ու Օգնեւան:
Լրագրող Նաստյա Կոնովալովան ղեկավարությանը հայտնել է, թե իրենց մոտից վերցրել են ֆլեշ-քարտը, կոտրել տեսախցիկը: Միջադեպը տեղի է ունեցել Տվերսկայա նրբանցքի ռեստորանի մոտ: Խոսքը Սոբչակին պատկանող «Տվերբուլ» ռեստորանի մասին է, որն աստղը բացել էր 2011թ.:
Ըստ Գաբրիելյանովի, iNews-ի աշխատակիցները բողոք են գրել ոստիկանությունում: Կոնովալովայի մոտ կապտուկներ են արձանագրել, ֆոտոլրագրող Աննա Իսակովան էլ տուժել է նյութապես, կոտրել են խցիկը, որի վրա արձանագրված էր Քսենյա Սոբչակի երկխոսությունը ընդդիմադիրների հետ: Ըստ Գաբրիելյանովի, Life News-ի լրագրողներն իրենց մասնագիտական պարտականություններն են կատարել:
Քսենյա Սոբչակը Twitter-ի իր էջում գրել է, թե լրագրողներն իրենց լրտեսների պես են պահել, եւ «լկտիաբար» նկարել իրեն պատկանող ռեստորանում: Լրագրողները նաեւ հրաժարվել են ջնջել նկարածը եւ սադրանք են արել:



























