Թուրքիայում լույս է տեսել ասորիների առաջին թերթը` Sabro-ն, որը թարգմանաբար նշանակում է հույս:
Թուրքական Bianet-ի փոխանցմամբ` թերթը լույս կտեսնի թուրքերենով եւ ասորերենով: Սկզբնական շրջանում այն կլինի ամսաթերթ, սակայն ֆինանսական խնդիրների լուծումից հետո լույս կտեսնի շաբաթը մեկ անգամ:
Թերթի նպատակներից է լինելու ծանոթացնել Թուրքիայում ապրող, սակայն նրանց մասին քիչ բան հայտնի ասորիների պատմության մշակույթի եւ կենցաղի մասին, վեր հանել ասորական համայնքի առօրյա խնդիրները:
Նշվում է, որ ներկայումս Թուրքիայում ապրում է մոտ 25 հազար ասորի, որոնց մեծ մասն ապրում են Ստամբուլում: Մոտ 5 հազար ասորի բնակվում է Թուրքիայի հարավ-արեւելյան Մարդին, Շրնաք եւ Բաթման նահանգներում:




























