Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` մարտի 14-ին, ընդունել է Ռուսաստանի Դաշնության տարածքային զարգացման փոխնախարար Մաքսիմ Տրավնիկովին: NEWS.am-ին ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ զրուցակիցներն ամփոփել են Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի` միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստի արդյունքները:
Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: Մասնավորապես` Հայաստանի քաղաքաշինության եւ Ռուսաստանի տարածքային զարգացման նախարարություններն ավարտին պետք է հասցնեն քաղաքաշինական ոլորտում համագործակցության համաձայնագրի նախագծի համապատասխանեցումը: Ռուսական կողմը փոխանցել է Հայաստանի կառավարության հետ առեւտրատնտեսական, գիտական եւ մշակութային համագործակցության համաձայնագիր կնքելու վերաբերյալ Արխանգելսկի մարզի պատրաստակամությունը, հայկական կողմն էլ տեղեկացրել է, որ ներկայացվել է Ռոստովի մարզի հետ նմանատիպ համագործակցության համաձայնագրի նախագիծ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ աշխատանքային խմբի շրջանակում կկազմակերպվի տարածքային զարգացման ծրագրերի իրականացման եւ մշակման վերաբերյալ երկու երկրների տարածաշրջանների փորձի փոխանակում: Երկու երկրների շահագրգիռ մարմիններին առաջարկվել է աջակցել Երեւանի եւ Մոսկվայի քաղաքային իշխանություններին` ընթացիկ տարվա ապրիլին Երեւանում Մոսկվայի օրեր կազմակերպելու հարցում:
Զրուցակիցները նաեւ անդրադարձել են հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ համաժողովի անցկացման կազմակերպչական հարցերին, որի ընթացքում քննարկվելու են գործնական կապերի զարգացման, համատեղ ծրագրերի իրականացման հարցեր:




























