Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, մարտի 13-ին, աշխատանքային այցով ժամանել է Շվեյցարիա, որտեղ նույն օրը Ժնեւում տեղի է ունեցել Շվեյցարիայի նախկին նախագահ Միշլին Կալմի-Ռեյի` ՀՀ Պատվո շքանշանով պարգեւատրման արարողությունը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արարողությանը ներկա են եղել Շվեյցարիայի պետական եւ քաղաքական գործիչներ, Ժնեւի քաղաքապետը, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Շվեյցարիայի նախկին նախագահին հանձնելով Պատվո շքանշանը` նախարար Նալբանդյանն ասաց. «Վերջին տարիներին դիվանագիտական հարաբերությունների քսանամյա պատմության ընթացքում Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ հարաբերություններն իրենց բարձրակետին են հասել. դրանք արտացոլվել են երկու երկրների ղեկավարների առաջին պաշտոնական փոխայցելություններով, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան հիմնադրմամբ: Հարաբերությունների դինամիկան աչքի է ընկնում ոչ միայն բարձրաստիճան շփումների պարբերականությամբ, քաղաքական երկխոսության ինտենսիվությամբ, այլեւ դրանց որակով եւ խորությամբ: Հարաբերությունների ամրապնդմանն ուղղված մեր փոխադարձ ջանքերն իրենց արդյունքներն են տվել՝ առավել խորացնելով երկու ժողովուրդների միջեւ բարեկամությունը:

Ինձ համար մեծ պատիվ է, տիկին նախագահ, ՀՀ նախագահի հանձնարարությամբ Ձեզ հանձնել Պատվո շքանշանը մեր երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման գործում Ձեր նշանակալից ավանդի համար»։