Մարտի 14-ի գիշերը Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում քրեական հեղինակություններ՝ «Դելֆին» մականունով Սուրեն Ստեփանյանի եւ «Սալդատ» մականունով Անդրանիկ Գյուլբուդաղյանի միջեւ տեղի ունեցած ռազբորկայից ժամեր անց Ոստիկանության Կոտայքի բաժին է բերման ենթարկվել 1967 թ. Ծնված Սուրեն Ստեփանյանը: Նրան ոստիկանները հայտնաբերել են Սեւան քաղաքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվության վարչությունից: Իսկ դեպքը տեղի է ունեցել Բալահովիտ գյուղի 16-րդ թաղամասում, որտեղ հայտնաբերվել է հինգ պարկուճ: Հայտնաբերվել է նաեւ ատրճանակը, որով «Դելֆինը» կրակել էր «Սալդատի» ձախ ոտքին: Հարուցվել է քրեական գործ քրօր-ի 113 եւ 235-ի հոդվածներով, Սուրեն Ստեփանյանը ձերբակալված է: Ի դեպ «Դելֆինի» ու «Սալդատի» միջեւ վիճաբանություն հաճախ է եղել:

NEWS.am-ի տեղեկություններով մի քանի ամիս առաջ Սուրեն Ստեփանյանն ու Անդրանիկ Գյուլբուդաղյանը դարձյալ վիճել են, ինչից հետո Գյուլբուդաղյանը դանակով հարվածներ է հասցրել Ստեփանյանի դեմքին: Ինչ վերաբերում է երեկվա դեպքին, ապա մեզ հասած տեղեկություններով, «Դելֆինն» ու իր եղբայրը «Սալդատի» հետ ավանդական վեճն են ունեցել, որից հետո «Սալդատը» կացնով փորձել է հարվածել դելֆինի եղբորը, վերջինս էլ պաշտպանվել է՝ իր մոտ եղած ատրճանակից կրակելով «Սալդատի» ոտքին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ մեր թղթակիցը նկատել է, որ «Էրեբունի» բժշկական կենտրոն ոստիկաններ են այցելել: Մեզ հաջողվել է պարզել, որ իրավապահները այցելել են հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված, Կոտայքի մարզի բնակիչ, «Սալդատ» մականունով Անդրանիկ Գյուլբուդաղյանին: Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Կոտայքի մարզի բնակիչ, «Դելֆին» մականունով ոմն Սուրենի հետ ունեցած վիճաբանությունից հետո: Վեճն ավարտվել է կրակոցներով, ինչի հետեւանքով Անդրանիկը ոտքից հրազենային վնասվածք է ստացել:

Մեր տեղեկություններով, տուժող Անդրանիկ Գյուլբուդաղյանը իրավապահներին հայտնել է, որ իր ոտքին կրակել է «Դելֆին» մականունով Սուրենը: Ի դեպ, «Սալդատը» ժամանակին եղել է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի անդամներից, հետո տարաձայնություններ է ունեցել ԲՀԿ ղեկավարի հետ եւ հեռացել: Անցած խորհրդարանական ընտրություներում էլ լուրջ ծառայություն է մատուցել ԲՀԿ-ին:

Ի դեպ, «Սալդատը» ժամանակին մի քանի անգամ դատապարտված է եղել ազատազրկման: