Հայկականի անվան տակ վրացական ոչխարի մսի մանրածախ վաճառքի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին մարտի 15-ին լրագրողներին հայտարարել է Հայաստանի գյուղնախարարության անասնաբուծության եւ տոհմային գործի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը: «Հայաստանում մանրածախ վաճառվում է միայն տեղական ոչխարի միսը», - հավաստիացրել է նա` պատասխանելով Հայաստանի Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանի հայտարարությանը:
«Դեռեւս 2010թ. նա պնդում էր, որ Իրան մաքիներ արտահանելու պատճառով մենք հետագա երկու տարում ոչխարաբուծության անկում կունենանք: Այնինչ տեղի ունեցավ հակառակը», - ասել է Հովհաննիսյանը: Նա հիշեցրել է, որ 2010 – 2011թթ. ոչխարների գլխաքանակն աճել է 512-ից հասնելով մինչեւ 600 հազարի: Նրա խոսքով` վերջին 40 տարում նման ցուցանիշ չէր գրանցվել:



























