«Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6-րդ համագումարը ողջունել են մի շարք երկրների ներկայացուցիչներ, այդ թվում Ռուսաստանում իշխող «Եդինայա Ռոսիա»-ի պատվիրակության ղեկավար Սերգեյ Նեվերովը, Ուկրաինայում իշխող «Տարածաշրջանների կուսակցության» պատգամավոր Վադիմ Կոլեսնիչենկովը, Խորվաթիայի նախկին նախագահ Ստեպան Մեսիչը, Հայաստանում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչը:
«Եդինայա ռոսիայի» ներկայացուցիչ Սերգեյ Նեվերովը պատվիրակներին է ներկայացրել Բորիս Գռիզլովի ողջույնի խոսքը: Գռիզլովն ուղերձում վստահություն էր հայտնել, որ միջկուսակցական համագործակցությունը «Բարգավաճ Հայաստանի» եւ «Եդինայա Ռոսիայի» միջեւ հետագայում էլ կխորանա ու կզարգանա:
Վադիմ կոլեսնիչենկովը, մասնավորապես, նշել է, որ Ուկրաինայում ապրում եւ աշխատում է մոտ 400 հազար հայ, նպաստելով ուկրաինական տնտեսության զարգացմանը: Նրա խոսքով, ուկրաինացի եւ հայ ժողովուրդների բազմադարյա բարեկամական հարաբերություններ ունեն, որի վկայությունն է Հայաստանի ու Ուկրաինայի միջեւ համագործակցությունն ու բարեկամական հարաբերությունները:
Խորվաթիայի նախկին նախագահ Ստեպան Մեսիչն էլ նշեց, որ ԲՀԿ համագումարն անցկացվում է Հայաստանի համար կարեւոր ժամանակաշրջանում` խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: «Այդ ընտրությունները պետք է անցկացվեն արժանի մակարդակով, միջազգային ստանդարտներին համապատասխան: Դա երկրի զարգացման անհրաժեշտ պայմանն է»,-ասաց նա:
Հայաստանում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչը կարդաց Չինաստանի կոմկուսի ուղերձը, որտեղ հաջողություններ է մաղթում ԲՀԿ-ին եւ նրա առաջնորդին իրենց գործունեության մեջ: «Իր ստեղծման օրվանից ԲՀԿ-ն ձգտում է պաշտպանել պետությունը, զարգացնել ազգն ու երկրի տնտեսությունը: Կոմկուսը հավերժ բարեկամություն է ցանկանում Հայաստանի եւ Չինաստանի ժողովուրդներին»,-ասված է ուղերձում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` մայիսի 17-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը, որին ներկա են 6812 պատվիրակներից 6788-ը:
2007-ին ստեղծված ԲՀԿ-ն այսօր խորհրդարանում ունի 26 պատգամավոր:




























