Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մարտի 19-ին, մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի նիստին: Նիստին ներկա են եղել ԵվրԱզԷՍ-ի անդամ պետություններից՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական ընկերակցությունում դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների՝ Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի նախագահները:
Քննարկումներն ուղղված են եղել ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտների վերակազմավորման ու դրանց գործունեության արդյունավետության բարձրացմանը, Եվրասիական տնտեսական տարածքում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացմանը:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան կմասնակցի Ռուսաստանի դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի անունից ԵվրԱզԷՍ-ի խորհրդի նիստին մասնակցած պետությունների ղեկավարների պատվին տրվող ընդունելությանը:
































