«Ամերիա Գրուփ» ընկերությունների խմբի անդամ հանդիսացող «Ամերիա աուդիտ» աուդիտորական-խորհրդատվական ընկերությունն այսուհետ հանդես կգա «Բի-Դի-Օ» ապրանքանիշով: Այդ մասին այսօր` մարտի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ամերիա Գրուփ»-ի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

Նշենք, որ «Ամերիա աուդիտ»-ը ձեռքբերած «Բի-Դի-Օ»-ն (Binder Dijker Ott & Co/BDO) աշխարհի 5 հանրահայտ աուդիտորական ընկերություններից մեկն է` տարեկան 5.7 մլրդ դոլար եկամտով: Ընկերությունը 1118 գրասենյակներ ունի աշխարհի 135 երկրներում` 48.8 հազ. աշխատակցով:

«Բի-Դի-Օ»-ի միջազգային կապերի գծով գործակալ Ալեքսանդր Վերենկովի խոսքով` մրցակցությունը Հայաստանի աուդիտի շուկայում շատ բարձր է, քանի որ կան մի շարք ուժեղ ընկերություններ: Ա. Վերենկովը չբացառեց, որ «Բի-Դի-Օ»-ն ձեռք կբերի այլ ընկերությունների: Նրա կարծիքով` հայկական ընկերություններն այլեւս կարիք չեն ունենա բարձրակարգ աուդիտի համար դիմել արտասահմանյան կազմակերպությւոնների, քանի որ նորաստեղծ «Բի-Դի-Օ Արմենիա» ընկերությունը լիարժեք հանդես է գալիս համաշխարհային այդ բրենդի ներքո: 

Ըստ «Բի-Դի-Օ Արմենիայի» տնօրեն Արթուր Անդրեասյանի` այս գործարքն իրականացնելիս հաշվի են առնվել կանոնակարգող դաշտի փոփոխությունները (խստացումները):

Նշենք, որ սկսած 2009 թ.-ից` բոլոր խոշոր ընկերությունները (որոնց տարեկան հասույթը գերազանցում է 1 մլրդ դրամը) պարտավոր են իրենց ֆինանսական հաշվետվությունների աուդիտ անցկացնել, ու դրանց արդյունքները հրապարակել: Ըստ որոշ գնահատականների` խոսքը վերաբերում է մոտ 500 խոշոր ընկերությունների: Հավանաբար` հենց այդ հանգամանքն էլ նպաստել է «Բի-Դի-Օ»-ի մուտքին հայկական շուկա, թեեւ այստեղ արդեն իսկ առկա է նույնպես միջազգային բրենդ հանդիսացող մեկ այլ աուդիտորական կազմակերպություն` «Գրանթ Թորնթոնը»: