Կոալիցիոն իշխանությունների ներկայացուցիչների վերջին ելույթները ընդդիմադիր խոսքի իսկական հատընտիրներ են: Այս մասին այսօր` մարտի 20-ին, Ազգային ժողովում հայտարարությունների ժամին, ասաց Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը` հավելելով, որ բերվում են այնպիսի փաստեր, որոնց հետ հնարավոր չէ համաձայն չլինել: «Երկրում տիրող ծանր իրավիճակը ներկայացնում են այնպես, ինչպես միշտ ներկայացրել են «Ժառանգության» պատգամավորները եւ ներկայացուցիչները: Եվ այդ ամեն արվում է այնպիսի պաթոսով, որ նույնիսկ ես երբեմն շփոթվում եմ` մտածելով, որ Հայաստանում գործել են ընդդիմադիր մեծ ուժեր, որոնց մասին ես տեղյակ չեմ եղել»,- նշեց նա:

Դիմելով կոալիցիոն իշխանությունների ներկայացուցիչներին` Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանում ընտրողների ամենամեծ հատվածը հենց ընդդիմադիրն է` առնվազն 80 տոկոս: «Ոչ ոք չի մոռացել այն ամենը, ինչ դուք արեցիք մեր քաղաքացիների հետ` ստիպելով նրանց բռնել պայքարի ու գաղթի ճանապարհը: Չփորձե´ք անգամ փոքր ինչ չքմեղանալ, կարծես թե, այդ դուք չէիք կողմ քվեարկում այն օրենքների օգտին, որոնք նպաստեցին այս ամենին: Կարծեք ձեր ձեւավորած գործադիր իշխանությունը չէ, որ գերակա շահի անվան տակ տանիքից զրկեց մեր հազարավոր քաղաքացիներին, իր ջերմ գրկում պահեց եւ պաշտպանեց տնտեսության ստվերային հատվածը` մեր քաղաքացիներին զրկելով սոցիալական նորմալ պայմաններ ունենալու քրիստոնեական իրավունքից:

Ձեր հրահանգներով աշխատող դատարաններում չե՞ն, որ ամեն օր, արհամարելհով մարդկանց իրավունքները, կայացվում են անարդար դատավճիռներ: Իհարկե կարող եք մխիթարվել, որ ձեր ներկա պահվածքը նոր չէ աշխարհում: Այն արձանագրված է նաեւ Ավետարանում` փարիսեցիություն անվանմամբ: Բայց քրիստոնեավայել է նաեւ մեղքերն ընդունելը: Ուստի «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» կուսակցությունների հարգելի´ ներկայացուցիչներ, ընդունեք ձեր մեծ մեղավորությունը եւ մասնակցությունը երկրի այս աղետալի իրավիճակը ստեղծելու հարցում: Եվ այդ ժամանակ մեր հայրենակիցները հնարավոր է ներեն ձեզ: Փոխվեք, որ հավատանք»,- նշեց պատգամավորը: