Հայ սպառողների 57.1%-ը պատրաստ է 2012 թ. առաջին եռամսյակում խոշոր գնում կատարել: Այդ մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած սպառողների վստահության հերթական ինդեքսում: Նշենք, որ նման ցանկություն 2011 թ. վերջերին հայտնել էր հարցման ենթարկվածների 51.9%-ը, իսկ 2011 թ. սկզբներին` 41.2%-ը:
Ընդհանուր առմամբ` սպառողների վստահության ինդեքսը աճել է 2012 թ. առաջին եռամսյակում 3.5 %-ով` 2011 թ. առաջին եռամսյակի նկատմամբ, ու 6.7 %-ով` չորրորդ եռամսյակի նկատմամբ:
Սպառողների վստահության ինդեքսն իրենից ներկայացնում է
սպառողներին տրված վեց հարցերի հիման վրա հաշվարկված միջին թվաբանականի փոփոխություն: Այն բաղկացած է 2 մասից` ընթացիկ պայմանների ինդեքս (հարցերը վերաբերել են ներկա իրավիճակին) եւ ապագա պայմանների ինդեքս (հարցերը վերաբերել են ապագային):
Ընթացիկ պայմանների ինդեքսը 47.2% է, իսկ դա նշանակում է, որ հարցվածների կեսից ավելի դեռեւս դրական չեն գնահատում իրենց ներկա վիճակը:
Ապագա պայմանների ինդեքսը 53.2% է, ինչը վկայում է ապագայի հանդեպ մարդկանց լավատեսության մասին:



























