Բելգիական Լոմել քաղաքում (Լիմբուրգ նահանգ) մարտի 21-ին տեղի է ունենում 15 երեխաների եւ 2 մեծահասակների թաղման արարողությունը, որոնք զոհվել էին մարտի 13-ին` շվեյցարական թունելում ավտոբուսի վթարի հետեւանքով:
Հրաժեշտի արարողությունը հեռարձակվում է բելգիական հեռուստատեսության ուղիղ եթերում` Լոմելի հանրային դահլիճից, որի տարողությունը 5 հազար մարդ է: Խոշոր չափերի երկու էկրաններ, որոնք 4 հազար հանդիսատեսի հնարավորություն կընձեռեն հետեւել արարողությանը, տեղադրված են փողոցում: Դահլիճի շենքի վերեւում սավառնում են սպիտակ փուչիկներ, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Զինվորականները դահլիճ են բերել փոքրիկ ճերմակ դագաղները, որոնցով Բելգիայում ընդունված է թաղել երեխաներին` ի նշան հոգու անմեղության:
Հրաժեշտի արարողությանը ներկա են Բելգիայի թագավոր Ալբերտ Երկրորդը եւ թագուհի Պաոլան, Նիդերլանդների ժառանգ արքայազն Վիլհելմ Ալեքսանդրը եւ արքայադուստր Մաքսիման, Բելգիայի վարչապետ Էլիո դե Րիպոն եւ Նիդերլանդների կառավարության ղեկավար Մարկ Ռուտեն, Շվեյցարիայի նախագահ էվելին Վիլդմիր Շլյումպֆը, ԵԽ-ի նախագահ Հերման վան Ռոմպոյը:
Արարողությանը ներկա են եղել նաեւ փրկարարները, ոստիկանները եւ Վալեի բժիշկները, որոնք վթարից հետո զբաղվել էին զոհվածներով եւ վիրավորներով:


























