Թուրքիայում 2011-ի խորհրդարանական ընտրություններից առաջ թուրք հայտնի գրող Ազիզ Նեսինի խոսքով թուրք ժողովրդի 60 տոկոսին ապուշ անվանած թուրք արվեստագետ Մուժդաթ Գեզենը կրկին հայտնվել է թուրքական հասարակության ուշադրության կենտրոնում։ Այս մասին նա ասել էր իշխող կուսակցության վարկանիշի հետ կապված մի հարցմանն ի պատասխան:
Թուրքական Haberturk-ի եթերում հաղորդավարը հիշեցրել է Մուժդաթ Գեզենին, որ վերջինս Ազիզ Նեսինին վկայակոչելով թուրք ժողովրդի 60 տոկոսին ապուշ է անվանել, ինչին ի պատասխան Գեզենն ասել է. «Ես այդքան ապուշ չեմ, որ թուրք ժողովրդին ապուշ ասեմ։ Ես նրանցով եմ փող աշխատում, ինչպե՞ս նրանց ապուշ կասեմ»։
Նշենք, որ 2011-ին մի հեռուստահաղորդման ժամանակ, երբ մասնակցել են Թուրքիայի փոխվարչապետը, սպորտի նախարարը եւ իշխող կուսակցության 15 պատգամավոր, Մուժդեթ Գեզենն իշխող կուսակցության վարկանիշի հետ կապված հիշեցրել էր թուրք հայտնի գրող Ազիզի Նեսինի խոսքը։ «Ասում են՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության վարկանիշը 50 տոկոս է, սակայն, ըստ Ազիզ Նեսինի՝ այն պետք է 60 տոկոս լինի»,-ասել է Մուժդեթ Գեզենը։
Հիշեցնենք, որ Ազիզ Նեսինը նշել էր, թե թուրք ազգի 60 տոկոսն ապուշ է։




























