Կառավարության այսօրվա` մարտի 22-ի նիստից հետո լրագրողները աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Գրիգորյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերում ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանի ելույթին, որտեղ նա խիստ քննադատության ենթարկեց կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը: «Ուրեմն վա՞տ եք աշխատում»,- հարց ուղղվեց նախարարին:
Ա. Գրիգորյանը պատասխանեց հետեւյալ կերպ. «Ձեր հարցն ավելի հետաքրքիր կլիներ, եթե ավելի ճիշտ ձեւով ներկայացվեր: Ես միշտ ինքնաքննադատություն արել եմ, դուք շատ լավ գիտեք, որ կառավարությունը հատկապես վերջին շրջանում որդեգրել է մի քաղաքականություն, որ բացթողումներն ու թերություններն առաջինը հենց կառավարության անդամներն են բարձրաձայնում»:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ԲՀԿ համագումարում Գ. Ծառուկյանն իր ելույթում նշել է, որ հայրենիքում բավարար պայմաններ չեն ստեղծվում լավ աշխատելու եւ բարեկեցիկ ապրելու համար եւ մարդիկ հեռանում են երկրից:


























