Հայաստանի Եվրոպացի բարեկամներ կազմակերպությունը հրապարկելով իր սոցիոլոգիական հարցումները, հաստատեց, որ ՀՀԿ-ն նախընտրական պայքարից առաջ ունի շատ լուրջ եւ հավակնոտ դիրքեր: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա նկատեց, որ ամեն ինչ պետք է երեւա համեմատության մեջ եւ, եթե համեմատում ենք 2007թ-ի հետ, ապա նախագահ Սերժ Սարգսյանի վարկանիշն աճել է: «Եթե այսօր լինի նախագահի ընտրություն, հասարակության 33 տոկոսը պատրաստ է ձայնը տալ Սերժ Սարգսյանին: Եվ սա այն պարագայում, երբ չկա քարոզչություն, ընտրապայքար եւ նախագահական ընտրությունները լինելու են մեկ տարի հետ»,-ասաց Շարմազանովը, հավելելով, որ դա խոսում է այն մասին, որ ՀՀԿ-ն իր նախագահի գլխավորությամբ ավելացրել է իր վստահությունը եւ իրականացրել է քաղաքականություն, որը վստահություն է ներշնչում մեր հասարակության համար:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ իրենց ընտրազանգվածն ամենակայունն է, ընտրարշավի ընթացքում իրենց ձայներն ավելանում են եւ, եթե համեմատում են նախորդ ընտրությունների ընտրարշավների հետ, տեսնում են, որ ՀՀԿ-ն ամենամեծ շանսերն ունի ընտրություններն ավարտելու որպես ֆավորիտ:




























