Սոցիալական բնակարանային շինարարության գործընթացը շատ կարեւոր նշանակություն ունի ոչ միայն Հայաստանում այլեւ աշխարհի շատ երկրներում: Այս մասին, այսօր` մարտի 22-ին, հայտարարել է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, «Գործընկերություն հանուն սոցիալական բնակարանների» թեմայով միջազգային համաժողովի բացման խոսքում:

«ԱՍԲԱ հիմնադրամը Հայաստանում, կարելի է ասել, վստահորեն կատարում է առաջընթացի քայլեր: Մենք արդեն հոլանդացի մեր գործընկերների հետ ունենք լուրջ ձեռքբերումներ այս ոլորտում եւ մտադիր ենք առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում մեկնարկել առաջին սոցիալական բնակարանների կառուցումը` սկսելով այն Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից: Այնուհետեւ այս ծրագիրը կներառի Հրազդան, Վանաձոր, Աշարակ, Վեդի, Ապարան եւ այլ քաղաքներ: Ես կարծում եմ, որ ԱՍԲԱ-ն կկարողանա Հայաստանում լուրջ քայլեր իրականացնել, որի արդյունքում մենք կարող ենք սոցիալապես անապահով խավերի համար ապահովել մատչելի բնակարաններ եւ մատչելի սոցիալական վարձակալություն: ՀՀ-ԵՄ քաղաքական համագործակցության 2012-2013թթ. ծրագրում ներառված է Հայաստանում ազգային սոցիալական բնակարանային շինարարության ռազմավարության մշակումը եւ ընդունումը: Նման ռազմավարության ընդունումը հնարավորություն կտա ավելի մեծ ուշադրություն դարձնել սոցիալական անապահով խավերի բնակարանային ապահովության խնդրին»,-ասել է նա:

Որպես կարեւորագույն ձեռքբերում Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ ԱՍԲԱ-ն անդամակցել է ՍԵԿՈԴԱՍ միության` Եվրոպական միության բնակարանային ասոցիացիային, ինչը հնարավորություն կտա խորացնել միջազգային կապերը եւ խթանել համագործակցությունը ոլորտում լուրջ փորձ ունեցող երկրների` Հոլանդիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի եւ այլ երկրների հետ: 

Արթուր Բաղդասարյանը նշել է, որ ԱՍԲԱ-ի կարեւորագույն առաքելությունը Հայաստանում սոցիալապես անապահով ընտանիքների համար մատչելի սոցիալական վարձակալության, ինչպես նաեւ արտոնյալ պայմաններով բնակարաններ ձեռք բերելու հնարավորության ապահովումն է եւ համոզմունք հայտնել, որ հիմնադրամի ծրագրերը հաջողություն են ունենալու, քանի որ առկա են անհրաժեշտ մեկնարկային պայմանները` պետական աջակցություն, ֆինանսական միջոցներ եւ միջազգային օժանդակություն: