Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ուկրաինայի պետական մաքսային ծառայության նախագահ Իգոր Կալետնիկին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Կառավարությունից:  Ուկրաինայի պետական մաքսային ծառայության նախագահը նշել է, որ իր երկրի համար շատ կարեւոր է բարեկամական եւ եղբայրական Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը, որը հանդիսանում է նաեւ Ուկրաինայի առեւտրատնտեսական կարեւոր գործընկերներից մեկը: Այդ առումով, Իգոր Կալետնիկը վստահեցրել է, որ առաջիկայում կիրականացվեն Փոթի-Իլյիչեվսկ սահմանահատվածով հայկական ապրանքների մաքսազերծման ընթացակարգերի պարզեցման աշխատանքներ:

Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի եւ Ուկրաինայի պետական մաքսային ծառայության միջեւ փորձի փոխանակմանը եւ երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր: