Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ավելի բարձր կարծիքի է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին, քան Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Շարմազանովն այդ մասին ասել է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում` մեկնաբանելով Օսկանյանի հայտարարությունը, թե կոալիցիան ձեւական է եղել:
«Եթե «բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Վարդան Օսկանյանը, ով մեծ ոգեւորությամբ անդամակցել է «Բարգավաճ Հայաստանին», կարծում է, որ իր անդամակցած քաղաքական ուժը զբաղված է եղել ձեւականություններով եւ ունեցել է ընդամենը դիտորդի կարգավիճակ, դա իր խնդիրն է: Ի տարբերություն իրեն` ես ավելի բարձր կարծիք ունեմ ԲՀԿ-ի մասին»,- նշեց Շարմազանովը:
Նշենք, որ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Վարդան Օսկանյանն ասել էր, թե Հայաստանի կառավարող կոալիցիան այս տարիներին ձեւական է եղել եւ Հանրապետական կուսակցությունն «արել է այն, ինչ ցանկացել է», ուստի երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակի պատասխանատվությունն ամբողջությամբ ՀՀԿ-ի վրա է:
«Ճիշտ է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որին ես անդամակցել եմ, դեռեւս համարվում է կոալիցիայի անդամ, բայց եկեք անկեղծ լինենք՝ այդ կոալիցիան ձեւական կոալիցիա է եղել, որովհետեւ իշխող կուսակցությունը բացարձակ մեծամասնություն է ունեցել եւ երբեք իր գործընկերոջ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կամ ՕԵԿ-ի ձայների կարիքը խորհրդարանում չի զգացել»,- ասել էր Օսկանյանը:




























