Աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնի սիրտը վիրահատել են: Ավելի վաղ նշվել էր, որ նա տեղափոխվել է Փարիզի արվարձանում գտնվող ամերիկյան հիվանդանոց: Պատճառը եղել է այն, որ 76-ամյա դերասանը բողոքել է կրծքավանդակի շրջանում ցավերից, գլխապտույտից եւ սրտխառնուքից: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ նրա մոտ սրտի արիթմիա կա, հաղորդում է Utro.ru-ն` վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցները:

Ինքը` դերասանը Parisien-ի թղթակցին հայտնել է, որ արդեն ապրիլի 5-ին դուրս կգրվի հիվանդանոցից: «Ամեն ինչ լավ է անցել, շատ լավ»,- վստահեցրել է նա:

Դելոնը նաեւ հաստատել է տեղեկատվությունն այն մասին, որ վիրահատությունը ավելի վաղ է նախատեսված եղել եւ հավելել, որ բժիշկները սիրտը վերադարձրել են իր տեղը: «Դա ինձ նման մարդկան հետ պատահում է, երբ հավաքվում են զգացմունքները եւ այլեւայլ խնդիրները»,-ասել է Դելոնը:

Իր ողջ կարիերայի ընթացքում Ալեն Դելոնը նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմում եւ մի քանի սերունդների համար դարձել ոչ միայն սիրելի դերասան, այլեւ ճանաչվել սեքս-խորհրդանիշ: Նա կանանց շրջանում հաջողություն ուներ ողջ Եվրոպայի տարածքում:

Ներկայումս Ալեն Դելոնը հազվադեպ է նկարահանվում, բայց մասնակցում է ֆիլմերի ստեղծմանը որպես սցենարիստ ու ռեժիսոր: