Մենք երբեք չենք քննարկել և չենք քննարկում Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման հարցը։ Այս մասին ապրիլի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ որոշակի ժամանակ անց Հայաստանն Ադրբեջանի հետ չի քննարկում նաև հայերի՝ Ղարաբաղ, Բաքու և այլ վայրեր վերադարձի հարցը։ Նա հավելել է, որ նման հարցի քննարկումը սադրիչ ազդեցություն է ունենում ներկայիս քաղաքական գործընթացի վրա և մեծացնում է լարվածությունը։

Փաշինյանը վստահություն է հայտնել, որ երկու ուժեր կան, որոնք իրենց քաղաքական օրակարգում առաջ են մղում այդ հարցերը։ Նա դա անվանել է «էժանագին քաղաքական սպեկուլյացիա»։ «Օրինակ՝ Կալուգացի օլիգարխը (խմբ.՝ նկատի ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանին) համոզված եմ, որ չի հասկանում ինչի մասին է խոսում, իրեն հանձնարարում են, ասում է», -վստահեցրել է Նիկոլ Փաշինյանը՝ անտեսելով Ադրբեջանի պաշտոնական քարոզչամեքենայի այն թեզերը, որոնք վերաբերում են «մեծ վերադարձին» և շրջանառում են «Արևմտյան Ադրբեջան» կեղծ եզրույթը։