Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի փաստաբանությունն է իրականացնում։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով երեկ վարչապետի հայտարարությանը՝ կապված Ստեփանակերտում եկեղեցիների հիմնահատակ ոչնչացման հետ։
Հիշեցնենք, որ նա, մասնավորապես, նշել է. «Պատկերացրեք այդպիսի մի իրավիճակ, ասենք, այն պահը, երբ սահմանազատման արդյունքում Արծվաշենը վերադառնում է Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո, և մենք գնում ենք տեսնում, որ այնտեղ կառուցվել է մեծ մզկիթ, ասենք, 2016 թվականին, մեր ռեակցիան, ի՞նչ պետք է մենք անենք։ Եվ օրինակ, այդ մզկիթի տարածքի հետ կապված, օրինակ, Հայաստանի քաղաքացիներ կան, որոնք բերում են իրենց սեփականության վկայականները, ասում են գիտեք ինչ, այս հողը մերն է եղել»։
Մարուքյանի խոսքով, ըստ էության, Փաշինյանը Ադրբեջանի փաստաբանություն է իրականացնում. «Այսինքն Ադրբեջանը ձայն չի հանում, չի ասում որ եկեղեցին քանդել ենք, որովհետև կարող է ինչ-որ ադրբեջանցիներ սեփականության վկայական ունեն այդ հողի վրա և հետո դուք եկեղեցի եք կառուցել, դա ասում է Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն Ադրբեջանը անգամ չի արդարանում, բայց Հայաստանում Ադրբեջանին արդարացնում է Նիկոլ Փաշինյանը, ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում է արդարացնում Նիկոլ Փաշինյանը, այլ նաև միջազգային հանրության համար է արդարացնում, որ այս վանդալիզմը նորմալ է։
Այստեղ հարց է առաջանում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չկա՞ն, կամ Արցախում ապրող մարդիկ, որոնք Խորհրդային Միության քաղաքացիներ էին, չկա՞ն, որ ունեին սեփականության վկայականներ ու իրենց գույքը կորցրել են։
Այն մարդիկ, որ իբր ուզում են Արծվաշենը բերեն, Արծվաշենը բերելը գիտե՞ք ինչի մասին է, Հայաստանի Հանրապետության այսօրվա տարածքից հողեր հանձնելու մասին է Ադրբեջանին։ Այսինքն սա նշանակում է, որ մերոնք էլի հողեր են հանձնելու Ադրբեջանին»,– հայտարարել է Մարուքյանը։
Մարուքյանը նկատեց, որ Հայատսանի ոչ մի ղեկավար չի ուզել Արծվաշենը հետ բերի, որովհետև այդտեղ ոչ մի բան չկա Հայաստանին ձեռնտու, բայց դրա դիմաց հարցեր է բացվում ընդդեմ Հայաստանի. «Հիմա Հայաստանի տարածքում անկլավներ չկան, որովհետև դրա փաստաթղթերը, իրավական հենքերը չունի Ադրբեջանը, չկան անկլավներ, իրավաբանական հիմք չունի, չունի որևէ հիմնավորում անկլավ ուզելու, Հայաստանը ունի հիմնավորում Արծվաշենը ուզելու, բայց պետք էր այս թեման ուղղակի բանակցություններով փակել։ Քանի որ այս թեման ինքը բացում է, սա նշանակում է որ մենք հանձնելու բաներ ունենք, Հայաստանը հանձնելու է նոր տարածքներ»,–հավելեց նա։
Առավել մանրամասն՝ տեսանյութում











