Ընդդիմությունը պետք է բնակչությանը հասկացնի, որ Փաշինյանի և նրա կուսակցության շահերը կապ չունեն Հայաստանի շահերի հետ։ Դրա մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Ինձ չզարմացրեց իշխանությունների արձագանքը Ստեփանակերտում Ադրբեջանի կողմից եկեղեցիների քանդմանը։ Եվ Բաքվի գործողությունները կապված են հենց այն վստահության հետ, որ Հայաստանի իշխանությունների կողմից արձագանք չի լինի։ Իսկ դա նշանակում է, որ միջազգային հանրությունը ևս չի արձագանքի։ Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ՝ եկեղեցիների քանդումը բախում հրահրող երևույթ չէ, այլ դրա նկատմամբ արձագանքն է այդպիսին։

Վանդալիզմին արձագանքի բացակայությունը նշանակում է, որ դու ծառայում ես այլ երկրների շահերին, որոնք մասնակիորեն համընկնում են քո անձնական շահերի հետ»,- նշել է Քոչարյանը։

Նրա գնահատմամբ՝ Փաշինյանին ձեռնտու է բնակչությանը պահել վախի մթնոլորտում, քանի որ վերարտադրվելու այլ տարբերակ նա չունի։

«Նա ամեն ինչ կանի այս իրավիճակը պահպանելու համար, կփորձի համոզել ժողովրդին, որ Հայաստանը մեջքը շտկելու հնարավորություն չունի։ Իսկ այդ դեպքում ո՞ւր գնացին պարտքով վերցված փողերը, որոնք իբր պետք է ուղղվեին բանակի բարեփոխմանը։ Փաշինյանի տրամաբանությամբ՝ բանակը պետք է զորահանդեսներ անցկացնելու և մարդկանց աչքերին թոզ փչելու համար»,- հավելել է Քոչարյանը։

Նա նկատել է, որ Ալիևը խոսում է խաղաղության մասին, բայց շարունակում է վանդալիզմի քաղաքականությունը, և դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։

«Առաջին ղարաբաղյան պատերազմում հաղթանակից հետո ես ինձ երբեք թույլ չեմ տվել անհարգալից հայտարարություններ անել ադրբեջանական ժողովրդի կամ այդ երկրի ղեկավարության հասցեին՝ ի տարբերություն Ալիևի, որը բազմաթիվ անգամներ վիրավորել է հայ ժողովրդին 2020 թվականի պատերազմից հետո։ Նույն վերաբերմունքն է դրսևորվում նաև մշակութային ժառանգության հանդեպ. մենք մեզ թույլ չենք տվել այն, ինչ թույլ է տալիս Ադրբեջանը»,- նշել է Քոչարյանը։