Ամենօրյա շփում ժողովրդի հետ, բաց ու անկեղծ զրույց բոլոր խնդիրների շուրջ․ հենց այս ձևաչափով է անցնում Գագիկ Ծառուկյանի այցը Շիրակի մարզ։ Հանրապետության հյուսիսում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի առաջին կանգառը Սառնաղբյուր գյուղն էր՝ բնակավայր, որը ծանր կորուստներ է կրել 44-օրյա պատերազմի ընթացքում։ Գյուղը տվել է 11 զոհ, և այցը սկսվում է գյուղի մուտքի մոտ գտնվող անմահ հերոսների հուշահամալիր այցելությամբ։

Գագիկ Ծառուկյանը ծաղիկներ է խոնարհում հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հուշակոթողին, խոնարհվում է և հարգանքի տուրք մատուցում նրանց հիշատակին։ Առաջին իսկ պահերից մթնոլորտը լցված է միաժամանակ վշտով ու հարգանքով, սակայն արդեն գյուղի կենտրոնում զգացվում է աշխուժություն․ բնակիչները, չնայած ցուրտ եղանակին, հավաքվել են դիմավորելու հյուրին։ Մթնոլորտը՝ ջերմ ու անկեղծ։

Գյուղացիները շնորհակալություն են հայտնում Ծառուկյանին իրականացվող ծրագրերի համար, մասնավորապես՝ Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման համար։ «Հատուկ շնորհակալություն ձեզ, որ կառուցում եք մեր Հիսուս Քրիստոսի արձանը», — նշում են նրանք։ Ի պատասխան՝ Ծառուկյանը վստահեցնում է․ «Անպայման, առանց կասկածի»։ Գյուղացիները հավելում են, որ «Գրիգոր Լուսավորչի եկեղեցում միշտ մոմ են վառում», և դիմավորում են նրան խոսքերով․ «Բարի գալուստ, մեր գլխի վրա տեղ ունեք»։

Ծառուկյանը շնորհակալություն է հայտնում ջերմ ընդունելության համար և ընդգծում, որ ապագա արձանը լինելու է վերածնվող Հայաստանի խորհրդանիշը։ Նա հրավիրում է բոլորին մասնակցել կառուցմանը՝ առաջարկելով գալ, հետևել ընթացքին և «մեկ քար էլ դնել», որպեսզի հետագայում կարողանան ասել, որ իրենք ևս մասնակցել են։ Նրա խոսքով՝ նախագիծը եզակի է և հնարավորություն է տալիս «զգալ, թե ինչպես է այն ստեղծվում»։

Խոսելով պատմական ժառանգության կարևորության մասին՝ նա նշում է, որ Հայաստանը «հզոր պատմություն ունի», հիշեցնում է 132 կաթողիկոսների մասին, որոնց ժառանգությունը ներկայացվելու է թանգարանում, և ընդգծում, որ դա «ուժ է ու պատմություն, որի մասին մեր ժողովուրդը կարող է խոսել աշխարհին»։

Հանդիպման ընթացքում բնակիչները բարձրացնում են բազմաթիվ սոցիալական և տնտեսական խնդիրներ։ Կարևոր թեմաներից մեկը պետական կառավարման և կադրերի որակն է։ Ծառուկյանը շեշտում է, որ կարևոր ոլորտները պետք է ղեկավարեն պրոֆեսիոնալներ՝ նշելով, որ իր շուրջ համախմբվել են մարդիկ, որոնք ասում են․ «Մեզ պաշտոն պետք չէ, մեզ համար կարևոր է պետությունը»։ Նրա խոսքով՝ դրանք փորձառու մասնագետներ են, որոնք արդեն արդյունք են ցույց տվել և պատրաստ են աշխատել։

Նա քննադատում է առանց փորձի նշանակումները՝ ընդգծելով, որ «ամենացավալին այն է, երբ նախարար է նշանակվում մարդ, որը 50 տարի ոչինչ չի արել»։ Հիշելով խորհրդային ժամանակները՝ նա նշում է, որ այդ ժամանակ կարիերան կառուցվում էր աստիճանաբար՝ ստորին օղակներից մինչև բարձր պաշտոններ։

Որպես օրինակ՝ նա բերում է պարզ համեմատություն․ «Ես շինարար եմ, մյուսը՝ ուսուցիչ։ Եթե ես դասավանդեմ, իսկ ուսուցիչը զբաղվի շինարարությամբ, որակ չի լինի»։ Նա նաև հիշում է պապի խոսքերը․ «Հացը պետք է հացթուխին տալ, որ լավ թխի»։

Առանձին անդրադառնում է կրթության ոլորտին՝ նշելով դասագրքերի ցածր որակը․ «Ամեն տարի նոր դասագրքեր են հրատարակում, և դա սարսափելի է», քանի որ, նրա խոսքով, «դրանք գրում են պատահական մարդիկ», ինչը մասնագետի համար ակնհայտ է։

Բնակիչները բարձրացնում են նաև կենցաղային խնդիրներ։ Գյուղացիներից Վիրաբը խոսում է ճանապարհների մասին․ «Մեր գյուղի ճանապարհները շատ վատ վիճակում են, հատկապես մոտ 700 մետր հատվածը։ Պետք է պլանավորված աշխատանք»։

Ծառուկյանը, ընդունելով, որ որոշ աշխատանքներ կատարվում են, միաժամանակ քննադատական հարց է ուղղում իշխանություններին․ «Ութ տարի անցել է՝ ձեր խոստումներից որն եք կատարել»։ Նա հիշեցնում է նախկին հայտարարությունները՝ թե՛ տարածքային, թե՛ սոցիալական հարցերի վերաբերյալ, և ընդգծում, որ եթե չեն կարողանում լուծել խնդիրները, ապա «պետք է գան նրանք, ովքեր կարող են»։

Սառնաղբյուրում ակտիվ հետևում են երկրի ներքաղաքական կյանքին։ Բնակիչներին հետաքրքրում է նաև վարչապետի թեկնածուի հարցը։ Ծառուկյանը նշում է, որ արդեն ներկայացրել է հնարավոր թեկնածուներ և վստահ է, որ ժողովուրդը կգնահատի նրանց «կատարածով, կյանքով ու արդյունքներով»։ Նա ընդգծում է, որ «կարևոր չէ, թե ով որ կուսակցությունից է, մենք մեկ ազգ ենք», և հավելում է, որ «թշնամանքը պետք է վերանա», հակառակ դեպքում հաջողություն չի լինի։

Խոսելով իր գործունեության մասին՝ նա նշում է, որ մարդկանց վստահությունը պատահական չէ․ «Չկա այնպիսի ոլորտ, որտեղ ես գործ չարած լինեմ»։ Նրա խոսքով՝ տարեկան 4000–5000 ուսանողի ուսման վարձ է վճարվում, տրամադրվում են ավտոբուսներ, և յուրաքանչյուր ոլորտում կան կոնկրետ արդյունքներ։

Զրույցին միանում են նաև երեխաները, որոնք բարձրացնում են խաղահրապարակների բացակայության խնդիրը․ «Շատ երեխաներ կան, բայց խաղալու պայմաններ չունենք»։ Ի պատասխան՝ հնչում է կոչ արագացնել շինարարությունը, հակառակ դեպքում «պետք է դա արվի»։

Այցի ավարտին բնակիչները հրավիրում են Ծառուկյանին այցելել գյուղի սրբավայրը՝ Գրիգոր Լուսավորչի անունը կրող ուխտատեղին, որը գտնվում է ժայռերի մեջ։ Ճանապարհին նրանք պատմում են մի ավանդազրույց՝ սրբավայրի պատերից հոսող ջրի մասին, որը, ըստ հավատալիքի, հրաշքներ է գործում։

Հրաժեշտը անցնում է ջերմ մթնոլորտում։ Բնակիչներից մեկը նշում է․ «Շատ տպավորված եմ, դուք տալիս եք գրագետ պատասխաններ»։ Մյուսները շնորհակալություն են հայտնում այցի համար և հույս հայտնում նոր հանդիպումների վերաբերյալ․ «Մենք ձեզ գնահատում ենք, առողջ եղեք, լավ առիթներով հանդիպենք»։ Սառնաղբյուրցիները ճանապարհում են Գագիկ Ծառուկյանին՝ հույսով, որ հաջորդ հանդիպումը երկար սպասեցնել չի տա։