Տարիներ ի վեր առաջին անգամ Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին ռազմական տեխնիկա չի լինի, ինչը փաստում է, որ Ռուսաստանի Դաշնությունն այլևս այնքան հզոր չէ, որքան նախկինում։ Միևնույն ժամանակ, շքերթի ժամանակ կարող են թռչել նաև ուկրաինական անօդաչուներ։ Այս մասին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի բացման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ այս ամառը կդառնա այն պահը, երբ ռուսական բռնապետ Վլադիմիր Պուտինը ստիպված կլինի որոշել՝ ինչ անել հետո՝ ընդլայնել այս պատերազմը, թե՞ անցնել դիվանագիտական ուղիների։ Զելենսկին նշել է, որ Կրեմլի ղեկավարին անհրաժեշտ է մղել դեպի դիվանագիտություն։

«Ռուսաստանը մայիսի 9-ին շքերթ է հայտարարել, սակայն այդ շքերթին զինտեխնիկա չի լինի։ Եթե դա իրոք այդպես է, ապա երկար տարիների ընթացքում առաջին դեպքը կլինի, երբ նրանք չեն կարող իրենց թույլ տալ սպառազինության ներկայությունը շքերթին։ Բացի այդ, ուկրաինական անօդաչուները նույնպես կարող են թռչել այդ շքերթի ժամանակ»,- նշել է նախագահը։

Նրա խոսքով՝ սա փաստում է, որ ռուսներն այլևս այնքան հզոր չեն, որքան նախկինում, ուստի անհրաժեշտ է շարունակել նրանց վրա ճնշում գործադրել պատժամիջոցների միջոցով։