Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՄ ղեկավարությանը բողոքել է հիբրիդային սպառնալիքների մասին։

Երևանում ընթացող Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի՝ ԶԼՄ-ների համար բաց հատվածում Փաշինյանը նշել է, որ քննարկվել է օրակարգային հարցերի լայն շրջանակ, ընդ որում՝ դրանց մեծ մասի վերաբերյալ կա ընդհանուր դիրքորոշում և փոխըմբռնում։ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումների ոլորտում ցուցաբերած աջակցության համար։ «Ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների բերումով առաջացած քմահաճույք չէ, այլ Հայաստանի ժողովրդի կողմից ընտրված ռազմավարություն», — ընդգծել է վարչապետը։

Նրա խոսքով՝ այն բոլոր բարեփոխումները, որոնք հնարավոր էր կյանքի կոչել քաղաքական կամքի հիման վրա, արդեն իրականացվել են։ Դրանց շարունակականության համար անհրաժեշտ են ինստիտուցիոնալ, օրենսդրական և փորձագիտական ներդրումներ, հավելել է Փաշինյանը՝ մատնանշելով այս հարցում ԵՄ-ի հետ համագործակցության կարևորությունը։ Նա շնորհակալություն է հայտնել դատական համակարգի անկախության կայացման, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին, սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում ապատեղեկատվության և ատելության տարածմանը դիմակայելու հարցում ցուցաբերվող աջակցության համար։