Երեւանի Արաբկիրի վարչական շրջանի թիվ 51 դպրոցում նշվեց անվանի հայ գրող եւ հրապարակախոս Վարդգես Պետրոսյանի 80-ամյակը:
Երեւանի քաղաքապետարանի կրթության եւ գիտության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից դպրոցի մանկավարժական անձնակազմին եւ սաներին հանձնեց շնորհակալագիր Վ.Պետրոսյանի հայրենասիրական գաղափարներին մշտապես հետեւելու համար:
Շնորհավորանքի խոսքեր ասացին նաեւ ՀՀ ԱԺ կրթության եւ գիտության հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Փիլոսյանը եւ ՀՀ ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը:
Դպրոցի սաները հրավիրված հյուրերին ներկայացրեցին Վ.Պետրոսյանի մի շարք ստեղծագործությունների հիման վրա բեմականացված ներկայացում: Այնուհետեւ հնչեցին շնորհավորանքներ եւ մեծարման խոսքեր հայ անվանի մտավորականի հիշատակին:
Իրադարձության հյուրերից էր նաեւ Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Արտակ Սարգսյանը, ով ողջունեց եւ իր ուղերձը փոխանցեց դպրոցականներին ու մտավորականներին: Նա նշեց, որ Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցում սովորելը լուրջ պատասխանատվություն է, եւ այնտեղ սովորող աշակերտները պետք է հավատարիմ մնան Վ. Պետրոսյանի արժեքային համակարգին եւ սկզբունքերին: «Երկիրը հզոր է իր գաղափարներով, եւ որքան շատ պատասխանատվությամբ դուք վերաբերվեք մեր մեծերի սկզբունքերին, այդքան հզոր կլինի մեր երկիրը»,- ասաց Արտակ Սարգսյանը:
Վարգես Պետրոսյանը (1932-1994) զգալի դեր է ունեցել հայ գրականության եւ հրապարակախոսության զարգացման մեջ. եղել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրը, հիմնադրել է «Երկիր Նաիրի» շաբաթաթերթը, երկար տարիներ աշխատել է որպես Հայաստանի Գրողների միության քարտուղար:














