Երևանից, փաստացի, սպառնալիք է հնչում Ռուսաստանի նկատմամբ, այսինքն՝ դրանք անհետևանք չեն լինելու դիվանագիտության մեջ ոչինչ չի անտեսվում։ Այս մասին գյումրեցիների հետ հանդիպմանն ասել է «Հայաստան» խմբակցության պատգմավոր Աննա Գրիգորյանը։
«Ամեն բան հաշվի է առնվում, ցանկացած հետագա գործողություններ էլ կարելի է սպասել, կարելի է ակնկալել։ Եթե զգում եք այն ինչ արել է այսօր գործող իշխանությունը դիվանագիտական դաշտում. Արցախի մասով այդ արկածախնդրությունը բերեց Արցախի ամբողջական կորստի և քաղաքական նման տապալման, հիմա էլ տնտեսական առումով այնպիսի արկածախնդրության են գնալու, որ մեր տնտեսությունը լուրջ հարվածի տակ է դրվելու։ Այսօր դուք տեսնում եք, օրինակ, նույն Ջերմուկի օրինակով, Ջերմուկը այլևս դադարել է վաճառվել Ռուսաստանի Դաշնությունում, ծաղիկների հետ կապված, ծաղիկները գնում են, հետ են ուղարկում, լավ սա հանուն ինչի՞, հանուն ինչի՞, լավ դուք օրինակ կարա՞ք Ջերմուկը վաղը տանեք Եվրոպայում վաճառեք, գոնե իմանաս տեղ կա տանելու վաճառելու, ասես՝ լավ, այլընտրանքը ունես, մի բան անում ես, դու չունես այդ այլընտրանքը այսօր, քո ծաղիկները կարող ես տանես Հոլանդիա վաճառես, չես կարողանում չէ տանես, հետևաբար դու չես կարող գնալ արկածախնդիր քաղաքականության։ Այսօր Հայաստանը չունի ռեսուրս աշխարհաքաղաքական տարբեր ուժերի բախման կենտրոն դառնալու համար, չես կարող ուղղակի։
Քաղաքական առումով իսկապես այդ քայլերը բերեցին Արցախի ամբողջական կորստի, այս արկածախնդրությունը բերելու է տնտեսական կոլապսի։ Բայց քանի որ հունիսի 7-ն առաջիկայում է, շատ չենք ծանրանում, վստահ լինելով, որ փոփոխությունը բերելու է իրական այս կոմպլեմենտար քաղաքականության, հիմա սրանք ասում են, չէ, բալանսավորված, բալանսավորման քաղաքականություն, ի՞նչն եք բալանսավորում, ի՞նչն եք բալանսավորում, երբ որ ջերմուկդ հետ են տալիս, ու՞ր ես տանում, որ դա կոչվի բալանսավորված, հետևաբար հունիսի յոթը առջևում է, այդ փոփոխությունը պետք է իրականացնենք, իրական հավասարակշռություն բերենք ամբողջ տարածաշրջանում»։
Հարցին, թե ինչպիսի՞ն է ինքը պատկերացնում Հայաստանը 10 տարի անց, Գրիգորյանն ասաց. «10 տարի հետո տեսնում եմ, որ իմ երկիրը պետք է անվտանգ լինի, ոչ թե վախվորած տարբեր ճանապարհներով անցնենք, մտածենք ադրբեջանցին որտեղից է մեզ դիտարկում, այլ վստահ լինենք, որ ադրբեջանցիները նախ մեր երկրի տարածքում չեն արդեն, մեր բոլոր ամբողջ տարածքը մենք ինքներս կարողանում ենք վերահսկել, որովհետև այսօր գիտեք, որ ադրբեջանցիները օկուպացրել են հայկական տարածքներ, այսինքն՝ չօկուպացված տարածքներով Հայաստան եմ ուզում, անվտանգ Հայաստան եմ ուզում, լավ կրթական համակարգով Հայաստան եմ ուզում, Հայաստան որտեղ գալիս են և որտեղից չեն գնում, դա շատ կարևոր ցուցիչ է, այսօր մենք գիտենք, որ առաջարկում ենք, քանի որ երիտասարդներ էլ են այստեղ, անվճար կրթություն, ես գիտեմ, որ դա շատ հեշտ բան չի, բայց հնարավոր է, իսկապես լավ աշխատանքի դեպքում, լավ անվճար կրթական համակարգ։ Ես երազում եմ մի Հայաստանի մասին, որտեղ ուսուցիչը ամենաշատ հարգանք ունեցող անձն է հասարակություն մեջ, որտեղ զինվորականը ստանում է շատ ավելի, քան դատավորն ու դատախազը, որովհետև մեր բոլորիս կյանքը, անվտանգությունը, կենսագործունեությունը հնարավոր է, որովհետև սահմանին զինվոր է կանգնած, ու այդ զինվորականը բոլորից շատ պետք է վաստակի և բոլորից շատ հարգանք պետք է ունենա։
Արդյո՞ք այսօր, օրինակ, նույն հասարակության մեջ ուսուցիչը այնքան հարգանք ունի, որքան որ արժանի է, ցավոք չէ, սոցիալական խնդիրների տակ այսպես ճզմված, հազարում պրոբլեմով, ես Ես այդ Հայաստանը եմ ուզում, որտեղ զինվորականը, ուսուցիչը, ամենահարգված մարդիկ են, և հասարակական տրամադրվածության առումով, և պետական աջակցության առումով, այդ Հայաստանը եմ ուզում, կրկնում եմ, որտեղ անվտանգ է, որտեղ տնտեսական մրցունակ տնտեսություն ունենք, որտեղ լավ կրթական համակարգ ունենք, և այն մարդիկ, ովքեր սերունդ են կրթում և սահման են պահում, ամենահարգված մարդիկ են մեր երկրում»։











