Կա մի երևույթ, որը կոչվում է «ռացիոնալիզացիա». Ո՛չ, սա այն դեպքը չէ, երբ աջ ականջը քորելու համար ձախ ձեռքն եք օգտագործում՝ ձախ ոտքի փոխարեն։ Դա ցանկացած անտրամաբանական բան տրամաբանական փաստարկներով հիմնավորելու տենդենցն է։ Այս մասին, այսօր՝ մայիսի 6–ին, Ազգային ժողովի նիստում՝ «Արտաքին հետախուզական գործունեության և Արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի և հարակից օրենքներում փոփոխությունների քննարկման ժամանակ, հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ մեկնաբանելով Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանի հայտարարությունները, որոնք նա արել էր խորհրդարանի ամբիոնից ունեցած ելույթի ընթացքում։

Գրիգորյանը, մասնավորապես, պաշտպանել է ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն թեզը, թե իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության չվերընտրվելու և ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում սեպտեմբերին պատերազմ կլինի։

«Այսպիսի խոսք կա, ասում են՝ աշխարհի բոլոր դժբախտությունների հեղինակը կանայք են, որովհետև կանայք են տխմարներին ծննդաբերել: Հիմա պատասխանը մոտավորապես այդ տրամաբանության մեջ է, չէ՞, կանայք են ծննդաբերել, ուրեմն կանայք են մեղավոր: Ասում է, որ Նիկոլ Փաշինյանը տրամաբանական եզրակացության է եկել: Չէ՛։ Տիկին Կյուրեղյանի հարցը շատ ավելի պարզ էր, ասում էր՝ դուք այդ տվյալները ունե՞ք, թե չէ։ Նստենք տրամաբանություն քննարկե՞նք այստեղ իրար հետ, տրամաբանականությունը շատ սուբյեկտիվ հասկացողություն է», - ասել է Խաչատրյանը։