Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ պահանջներ չի ներկայացնում, բանակցությունների ընթացքում նման պայմաններ չեն դրվում, և այդպիսի պահանջ գոյություն չունի։ Այս մասին մայիսի 6-ին «Երևանյան երկխոսություն-2026» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Հայաստանի Սահմանադրությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների երկկողմ օրակարգի մաս չէ։ Միևնույն ժամանակ, ես անընդհատ լսում եմ, որ նրանք պատրաստ չեն ստորագրել և վավերացնել խաղաղության պայմանագիրը, եթե մենք չփոխենք Սահմանադրությունը։ Սակայն մենք կարծում ենք, որ Հայաստանի Սահմանադրությունը Հայաստանի ներքին հարցն է, ներքին գործը։ Մենք, ամենայն հավանականությամբ, Սահմանադրության վերաբերյալ հանրաքվե կանցկացնենք, բայց այդ հարցը չենք քննարկում միջազգային գործընկերների հետ»,- նշել է Միրզոյանը։
«Մենք նախկինում միշտ կարծում էինք, թե ապրում ենք շատ բարդ ու վտանգավոր տարածաշրջանում, որտեղ մեր անկախությունն ու գոյությունը մշտապես կասկածի տակ են դրվել։ Եվ դա ճիշտ է՝ մասնակիորեն կամ ամբողջությամբ, բայց խնդիրը միշտ եղել է այն, թե ինչպես այդ սպառնալիքը վերածել առավելության։ Եվ հենց դա ենք մենք հիմա փորձում անել Հայաստանում։ Խնդիրն այն է, թե ինչպես դառնալ կամուրջ, այլ ոչ թե խոչընդոտ։ Մենք հասկացանք, որ կարող ենք միացնել Եվրոպան Կենտրոնական Ասիայի, Հնդկաստանի, Չինաստանի հետ, և սա իր հերթին կարող է դառնալ ոչ միայն մեր գոյությունը և մեր ինքնիշխանությունը պահպանելու միջոց, այլև հետագա խաղաղ բարգավաճման լրացուցիչ երաշխիք։
Միևնույն ժամանակ, խաղաղությունը հնարավոր չէ կառուցել միայնակ. չի կարելի խաղաղություն հայտարարել և խաղաղ ապրել, երբ հարևաններդ քեզ թշնամի են համարում և ցանկանում են ոչնչացնել քեզ։ Հետևաբար, խնդիրն այնպիսի իրավիճակ ստեղծելն է, որում բոլոր հարևանները, բոլորը տարածաշրջանում և դրանից դուրս շահագրգռված լինեն խաղաղությամբ։
Հյուսիսում մենք ունենք Վրաստանը, որի հետ միշտ ունեցել ենք բարեկամական հարաբերություններ։ Հարավում ունենք Իրանը, որի հետ նույնպես միշտ ունեցել ենք բարեկամական հարաբերություններ ու համագործակցություն։ Արևմուտքում և արևելքում մենք ունենք Թուրքիան և Ադրբեջանը, և մենք տասնամյակներ շարունակ հակամարտել ենք Ադրբեջանի հետ. մենք փակ սահմաններ ունենք արևմուտքում և արևելքում։
Այնուամենայնիվ, մենք երկխոսություն ենք սկսել, մենք նախաստորագրել ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը։ Այն դեռ ստորագրված ու վավերացված չէ, բայց խաղաղությունն արդեն եկել է. մենք զոհեր չունենք, Ադրբեջանը հանել է իր տարածքով դեպի Հայաստան և Հայաստանից ապրանքների տեղափոխման արգելքը, մենք սկսել ենք երկկողմ առևտուր անել Ադրբեջանի հետ։ Մենք նավթամթերք ենք գնում Ադրբեջանից և որոշ ապրանքներ կվաճառենք ադրբեջանական ընկերություններին։
Միևնույն ժամանակ, ես չեմ ցանկանում որևէ բան չափազանցնել և չեմ կարող ասել, թե բոլոր հարցերը լուծված են։ Մենք արյունալի հակամարտություն ենք ունեցել։ Վերքերը դեռ շատ թարմ են, և երկու երկրների հասարակություններին իրական հաշտեցում է անհրաժեշտ։ Դեռ կան որոշ չլուծված հարցեր, (հատկապես մարդասիրական բնույթի) կապված պահվող անձանց և այլնի հետ։
Մենք պետք է մնանք արդեն իսկ գոյություն ունեցող կանոնների շրջանակում և հավատարիմ մնանք դրանց միջազգային հարաբերություններում։ Դրա հետ մեկտեղ պատմությունը զարգանում է, նոր իրավիճակները ծնում են նոր կարիքներ։ Մեզ մոտ խաղաղություն է հաստատվել, և մենք շատ շահագրգռված ենք այս մոդելն արտահանել այլ տարածաշրջաններ»,- ընդգծել է Միրզոյանը։











