40-ամյա Մասիս Խալաֆյանին մի քանի տարի առաջ հաջողվել է ձերբազատվել թմրանյութի ճիրաններից: Հատկանշական է, որ նրան այդ ճանապարհից հետ է պահել, ոչ թե թմրամոլների դաժան վախճանը, որի ականատեսը բազմիցս է եղել, այլ հարազատի կորուստը: «Նա չէր սիրում թմրամոլներին, չէր ընդունում դա: Նրա կորստից հետո ասացի, որ թողնելու եմ ու թողեցի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անկեղծացավ Մասիս Խալաֆյանը, ով հարազատի կորստից հետո հանուն նրա հիշատակի եւ տածած հարգանքի, թողել է թմրամոլությունը, թեեւ դա դեռ այն շրջանն է եղել, երբ հաճույք է ստացել թմրանյութից եւ չի հասցրել ընկնել «լոմկայի» ճիրանները:
Վերջինս 1 տարի է թմրանյութ օգտագործել, իսկ այդ քայլին գնացել է շրջապատի ազդեցության ներքո: Մասիսն էլ չգիտի, թե ներկա պահին ինքը ինչ կարգավիճակում կլիներ, եթե շարունակեր թմրանյութ օգտագործել: Ներկայումս նա աշխատում է կահույքի արտադրամասում` առաջավոր արհեստավոր է եւ ունի իրեն սիրող ընտանիք: Մասիսը թմրամոլությամբ տառապող այն հազվադեպ հիվանդներից է, ում հաջողվել է հետ կանգնել այդ ճանապարհից: NEWS.am-ը հարցումներ անցկացրեց նաեւ տարիներ շարունակ թմրամոլությամբ տառապող հիվանդների շրջանում, ովքեր անկեղծացան եւ մանրամասներ պատմեցին, որոնք կներկայացնենք Նարկոլոգիական կլինիկայի դիսպանսերային բաժանմունքի վարիչ Գայանե Վարդազարյանի զրույցի հետ զուգահեռ:
Տիկին Վարդազարյան, Ձեր կարծիքով, ի՞նչն է մարդկանց դրդում թմրամոլության:
Սկզբնական շրջանում նրանց համար թմրանյութ օգտագործելու հիմնական նպատակը հաճույք ստանալն է, թեեւ առաջին 1-2 գործածումից այդ հաճույքը չեն զգում, թեեւ հիմա ամբողջ աշխարհում միտում է սկսվել, որ սինթետիկ թմրամիջոցների արդյունքում հենց առաջին գործածումից է առաջանում հաճույքի գերագույն զգացողությունը:Եվ ամբողջ թմրաբիզնեսը դրան է գնում, որ շուկան մեծացնեն: Սակայն հերոինը հենց 1-2 օգտագործումից էլ կախվածություն է առաջացնում: Ինչ վերաբերում է նրան, որ թմրամոլներն ասում են, թե «լոմկայի» շրջանը գալիս է 10-15 տարի հետո, խոսքը վերաբերում է նախկին դասակարգման 3-դ փուլին: Այդ ժամանակ հիվանդի անոթների վիճակն այնպիսին է, որ ներերակային ներարկում գրեթե հնարավոր չէ անել: Նրանք անցնում են ենթամաշկային եւ միջմկանային ներարկումների, որի դեպքում հաճույքի մասին խոսք լինել չի կարող: Նրանք հաճույքն զգում են այն դեպքում, երբ թմրանյութը երակի մեջ է ներարկվում: Այդ դեպքում խոսքը ամիսների կամ 1-2 տարվա մասին է: Հերոինի օգտագործման դեպքում, օրինակ, կյանքի միջին տեւողությունը 5 տարի է:
Թմրամոլների հավաստիացմամբ, հաշիշը կախվածությունը չի առաջացնում: Դա իսկապես այդպե՞ս է:
Նախ, եթե կախվածություն չի առաջացնում հաշիշը, ապա ինչո՞ւ են ծխում: Երկրորդ` եթե նույնիսկ չի առաջացնում կախվածություն կոնկրետ անհատի մոտ, ուրեմն 1-2 անգամից հետո այդ մարդը չի շարունակել ծխել, եթե շարունակեր միանշանակ կառաջանար: Հաշիշը շատ վտանգավոր է, քանի որ համարվում է այդ դռան բանալին: Բոլորը սկսում են հաշիշից եւ անցնում ավելի ուժեղին: Դա բացարձակ ճշմարտություն է: Ինչ վերաբերում է տեսակետին, որ հաշիշը «նապաստակի կայֆ» է առաջացնում, ապա դա հաշիշի ազդեցության մեխանիզմներով է պայմանավորված: Այն կարող է նաեւ առաջացնել հոգեկան վիճակի խանգարումներ` վախ տագնապ, թուլություն եւ նույնիսկ փսիխոզներ, սուր հոգեկան խանգարում: Էտ «նապաստակի կայֆ» ասածը, ոչ միայն վախի զգացողությունը նկատի ունեն, ըստ իս, այլեւ արհամարհական վերաբերմունքը, թե «էտ ինչ «կայֆ» ա, որ»: Պարզ է, որ ուժեղ թմրանյութի հետ համեմատած հաշիշի ազդեցությունը թույլ է, բայց ասել, որ այն լրիվ անվնաս է, այդպես չէ: Հակառակ դեպքում օրենքով չէր արգելվի:
Թմրամոլները պատմում են, որ «լոմկայի» շրջանում անցնում են գերդոզավորման, պատճառաբանելով, թե ահավոր ցավերը փորձում են այդ կերպ մեղմել, ներարկելով այն մարմնի տարբեր մասերից:
Ճիշտ է, նրանք բոլոր հնարավոր տեսանելի եւ անտեսանելի արյան անոթները օգտագործում են: Ամեն ինչ սկսում է նախաբազուկների շրջանից, հետո աստիճանաբար անցնում են ոտքերին, իսկ երբ ծայրանդամների վրա անոթներ էլ չեն լինում, որոնք քիմիական այրման են ենթարկվել կամ տրոմբի հետեւանքով են փակվել, ներարկվում են, թե պարանոցային շրջանի անոթներից , թե աճուկային, որը շատ վտանգավոր է: Ինչ վերաբերում է գերդոզավորմանը, ապա գերդոզավորումներն հիմնականում ունենում են մահացու ելք, որովհետեւ առաջին հերթին ախտահարվում է շնչառական կենտրոնը: Այսինքն`մենք ունենում ենք շնչառության եւ սրտի կանգ: Շատ հազվադեպ է հաջողվում հիվանդին այդ վիճակից փրկել: Սովորաբար նրանք հիվանդանոց էլ չեն հասնում, քանի որ այդ ամենը րոպեների ընթացքում է տեղի ունենում:
Իսկ, եթե արդեն ընտրել են այդ ճանապարհը եւ փորձում են դուրս գալ, բայց չեն կարողանում, որն է ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը:
Նախ ամենաիդիալական տարբերակը նա է, որ մարդ երբեք չհայտնվի այնպիսի իրավիճակում, շրջապատում, որ փորձի թմրամիջոց, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ այդ փորձը ճակատագրական է: 2-րդ, ամեն հիվանդ ինքն է ընտրում իր ճակատագիրը, որովհետեւ մեր մասնագիտության մեջ շատ-շատ դժվար է օգնել մարդուն, եթե որոշում չի կայացրել: Խոսքը չի վերաբերում նրան, որ գալիս ասում են ես ուզում եմ բուժվել: Հավատացեք ասում են գրեթե բոլորը, բայց բուժման ընթացը ցույց է տալիս, որ մտածում են քչերը: Այն որ ասում են ուզում ենք թողնել, բայց չենք կարողանում, մենք դրան հավատում ենք, որովհետեւ դա այդպես է: Մենք միաժամանակ շատ բան ունենք անելու ու անում ենք: Նրանք, երբ մեր օգնությամբ «լոմկայից» դուրս են գալիս, կարեւորը հետոն է, երբ գնում են տուն: Այդտեղ մնում է հոգեկան կախվածության խնդիրը, որի դեմ բժիշկը չի կարող պայքարել: Իսկ այսօր այդ հոգեկան ցանկությունը վերացնող դեղամիջոց չկա աշխարհում: Իրենք այստեղ պատրաստ են մեղադրել բոլորին, որ մենք բժիշկներս նրանց չենք օգնում, հարազատներն են մեղավոր, բայց ոչ իրենք: Իրականում ոչ ոք մեղավոր չէ բացի իրենցից, քանի որ դա Աստծո կողմից տրված հիվանդություն չէ, այլ ձեռքբերովի է: Այստեղ թմրամոլը պետք է որոշում կայացնի ինքը ուզո՞ւմ է նոր կյանք սկսել, թե` ոչ:
Հ.Գ. 2012թ-ի հունվարի 1-ի դրությամբ նարկոլոգիական խնդիրներով հաշվառված մոտ 3800 հիվանդ է հաշվառվել, որի մեջ մտնում են, թե ալկոհոլիզմը, թե թմրամոլությունը:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը











