Վեդի համայնքում բնակիչները դուրս են եկել փողոց և իրենց վրդովմունք են հայտնում երկու անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքի վերաբերյալ։ Նրանք բողոքում են, որ ենթադրյալ մեղավորներն ազատության մեջ են, իսկ աղջիկների հորեղբորը ձերբակալել են։
«Անմեղ երեխեքին պղծեցին, մեծ մարդիկ են, խի՞ էդ երեխեքին, գնայիք ձեր կնիկներին 6 անգամ անեիք։ Ու հիմա էդ մարդիկ ազատության մեջ են, որովհետև էշի երկիր ա։
Երեխեքից փոքրը դեպրեսիայի մեջ է, ամբողջ գիշեր լացել է։ Վախեցրել են, ասել են՝ քեզ էլ կսպանենք, մորդ ու հորդ էլ կսպանենք, դրա համար էլ երեխեքը բան չեն ասել»,–ասաց բնակիչներից մեկը։
Մյուսն էլ հավելեց, որ ոստիկանությունն անգործության է մատնվել. «Դրանք իրավունք չունեն աշխատելու, մենք խուլիգան ու անբարոյական ոստիկաններ չենք ուզում։ Եթե սրբապղծությունը թացքում են, ի՞նչ իրավունք ունեն աշխատելու։ Պատկերացրեք, որ դա քո երեխեն է։
Հիմա էլ հորեղբորն են տարել, ինչ է, թե մի իրավապահի չգիտեմ ինչ է արել։ Ինչի՞ են էդ մարդուն տարել, ինչի՞ են էդ մանկապիղծներն ազատության մեջ։ Հիմա էլ ասում են՝ իբր թույն է խմել։ Թող սատկեր, ավելի լավ է ինքն իրեն վերացներ, քան բերդ հասներ։ Եթե ես լինեի, դրանց տունը կվառեի, թող տանեին ինձ էլ սպանեին։ Գոնե կասեի՝ ես իմ արածն արեցի, նոր մեռա»։
Բնակիչները վրդովված են, որ դեռ փետրվարից իրավապահներն իմացել են այս ամենի մասին, բայց չեն ձերբակալել այդ տղամարդկանց. «Բռնել, բաց են թողել, դրանով հրահրելով, որ աղջիկների հորեղբայրը վնաս տա դրանց, թեման փակեն, գնա։
Հորեղբորը ձերբակալել, տարել են, ոստիկանության աշխատողներին զանգել ենք, քֆուր են արել հորեղբորը, նա էլ ջղայնացել, գնացել է, այնտեղ միջադեպ է տեղի ունեցել ու ձերբակալել տարել են։ Օրենքը չի գործում, եթե օրենքի մարդը իրեն թույլ է տալիս հայհոյանք տալ բնակչին, ապա նման դեպքեր ավելի շատ են լինելու»,–ասաց բնակիչներից մեկը։
Նշենք, որ միայն երեկ Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է և նրանց նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել։
Նշենք, որ ավելի վաղ դատախազությունից հայտնել էին, որ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ)։
Հիշեցնենք, որ փաստաբան Վարդուհի Էլբակյանը երեկ հայտնել էր, որ գործում ներգրավված է 3 անձ, տուժողները 2 քույրեր են՝ 15 և 17 տարեկան։ Նա նաև հայտնել էր, որ աղջիկների հորեղբայրը տեսնելով, որ իրավապահներն անգործություն են ցուցաբերում, դանակահարել էր մանկապղծության մեջ մեղադրվողներից մեկին։ Վերջինս ձերբակալվել է։ Էլբակյանի խոսքով, աղջիկներից ավագը ենթարկվել բուժզննության և հաստատվել է այն, ինչ հայտնել է աղջիկը քննիչներին։
Հիշեցնենք, որ ըստ ՔԿ հաղորդագրության 2026 թվականի փետրվարի 12-ին անչափահաս քույրերի հայրը ՆԳՆ ոստիկանության Վեդիի բաժին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ փետրվարի 8-ին Վ. Ե.-ն, օգտվելով իր դստեր անօգնական վիճակից (տառապում է մտավոր հետամնացություն ախտորոշմամբ), կատարել է անառակաբարո արարք:
Անչափահասը հրաժարվել է լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության ենթարկվելուց:
Ապրիլի 22-ին անչափահաս տուժողի քույրը, որը նույնպես անչափահաս է, ՆԳՆ ոստիկանության Վեդիի բաժին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ապրիլի ընթացքում իրեն է մոտեցել անծանոթ տղամարդ՝ Արթուր անունով, համոզելով իրեն՝ նստեցրել է ավտոմեքենան՝ դպրոց տանելու նպատակով, սակայն տարել է քաղաքի եկեղեցու ճանապարհին առկա շինության մոտ ու սեռական հարաբերություն ունեցել իր հետ:
ՔԿ-ից հայտնել են՝ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացված տեղեկատվության համաձայն՝ անչափահաս տուժողն ունի մտավոր խնդիրներով պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների և մանկավարժահոգեբանական ծառայությունների կարիք:
Անչափահաս տուժողը նախաքննության ընթացքում տվել է իրարամերժ, հակասական ցուցմունքներ, մասնավորապես մի դեպքում ընդհանրապես հերքել է որևէ անձի, այդ թվում՝ Արթուրի հետ սեռական հարաբերություն ունենալու հանգամանքը՝ նշելով, որ այդ տղամարդը չի փորձել իր հետ սեռական հարաբերություն ունենալ, չի հարվածել և նույնիսկ չի համբուրել իրեն, իսկ դատաբժշկական փորձաքննության ընթացքում հայտնել է, որ շուրջ մեկ տարի է, ինչ սեռական հարաբերություններ է ունենում մեկ այլ անձի հետ:
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝
-անչափահաս տուժողի վերաբերյալ նշանակվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն,
-հարցաքննվել են անչափահասների մատնանշած անձինք, անչափահասների ընտանիքի անդամները, մանկավարժները,
-համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարություններ են տրվել հետաքննության մարմնին:
Հաշվի առնելով անչափահաս տուժողների լավագույն շահը՝ Քննչական կոմիտեն հորդորել է զերծ մնալ անչափահասների վերաբերյալ չճշտված, ինչպես նաև նրանց նույնականացնող տեղեկություններ համացանցում տարածելուց։











