Մեր դեմ անձնական ուղղորդված մեղադրանքները ապօրինի ծագման գույքի պատճառով է։ Այս մասին, այսօր՝ մայիսի 7–ին, ԱԺ–ում Գլխավոր դատախազության գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Նա, մասնավորապես. ,շեց. «Կցանկանամ, որ Գեղամ Մանուկյանը խոսելով Արթուր Սարգսյանի մասին, մինչև վերջ անկեղծ լինի, և քրեական վարույթի վերաբերյալ իր սեփական տեսակետը այս ամբիոնից գոչելու հետ մեկտեղ, գոնե, նշի, որ 2025 թվականի հունիսի 27-ին հակակոռուպցիոն դատարան ներկայացված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում ունենք։ Գուցե սա՞ է աղմուկի պատճառը։
Մենք պահանջում ենք Սիսիանի նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանից և նրան փոխկապակցված անձանցից հոգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 2 անշարժ գույք Երևանի կենտրոն վարչական շրջանում, 2 անշարժ գույք Սիսիան քաղաքում, 3 ավտոմեքենա, 6 իրավաբանական անձում մասնակցություն, առևտրային բանկում ներդրված հինգ ավանդ՝ 11 865 ամերիկյան դոլարի և 1 մլն 104 հազար դրամի չափով, մեկ փոխառության պահանջի իրավունք՝ 1,4 մլն դրամի չափով, 1 միլիարդ 53 միլիոն 193 հազար դրամ, որպես ապօրինի եկամտի մնացորդ և օրինական եկամուտներով չհիմնավորվող բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար։
Մեկ շաբաթ առաջ պետաիրավական հանձնաժողովի նիստին ես առաջարկել էի հարգարժան պատգամավորին, եթե այդքան վստահ է իր կողմից ներկայացված ապացույցների վերաբերյալ, բա ինչի՞ է փաստաբանական թիմը ձգձգում դատաքննությունը սկսելը, ինչի՞ մենք ոչ մի ձև չենք կարողանում հասնել արդեն տևական ժամանակ, և որ այդ ապացույցները հանրային, հրապարակային դատաքննության փուլում և ոչ թե Ազգային ժողովի ամբիոնից լսվեն։ Կարծում եմ՝ պատասխան ակնհայտ է։
Առնվազն մեկ շաբաթ առաջ ես առաջարկել էի հարգարժան պատգամավորին առաջին պատահած բարձրախոսով գոչելու հետ մեկտեղ գալ վարույթն իրականացնող մարմին, ստորագրել, որ տեղեկացված է սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության մասին և այն ամենը, ինչը բարձրագոչ հայտարարում է, գրել որպես ցուցմունք։ Խիստ կասկածում եմ, որ կանի։ Ամեն դեպքում առաջարկը մնում է ուժի մեջ»։











