Վեդիի դեպքը բացահայտվել է օպերատիվ մարմինների ահազանգի արդյունքում, այսինքն իրավապահներն են բացահայտել այդ դեպքը և նրանք են քննություն անում։ Այս մասին, այսօր՝ մայիսի 7–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վեդիում երկու անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքին և նրան, որ թեև դեպքը եղել է 3 ամիս առաջ և շարունակվել է, սակայն միայն լրատվամիջոցների աղմուկից հետո են իրավապահները տեղից շարժվել։
«Ես գիտեմ կոնկրետ լրագրողներ, որոնք իրավապահ մարմիններում ունեն աղբյուրներ, որոնք աշխատանքային ինֆորմացիա են փոխանցում։ Դրա հետ կապված նույնիսկ քրեական գործեր կան հարուցված և իհարկե այդ անպատասխանատու իրավապահներին անպայման կգտնենք և համակարգից կհեռացնենք, մի մասին հեռացրել ենք։
Այդ գործերը բացահայտվել են իրավապահների օպերատիվ աշխատանքի արդյունքում, բա դուք որտեղի՞ց եք իմացել այդ գործի մասին։ Իրավապահներից են ձեզ ինֆորմացիա տվել, դուք էլ ինֆորմացիան տպել ենք։
Դեպքերը ընթացք են ստացել օպերատիվ մարմինների կատարած աշխատանքի արդյունքում։ Եթե օպերատիվ մարմինները իրենց աշխատանքը չկատարեին, դուք այդ դեպքերի մասին չէիք իմանա, ինչպես չգիտեիք նախկինում։
Ես ուզում եմ հիշել, երբ որ 2018-2019 թվականներին կառավարության մարմիններից մեկը բուկլետներ էր թողարկել, և մենք աշխատում էինք երեխաներին մանկապղծության դեպքերից պաշտպանելու համար, այդ նույն լրատվամիջոցները աղմուկ-աղաղակ էին անում, ասում էին՝ էս ի՞նչ եք անում, մեր ավանդական արժեքների դեմ եք պայքարում։ Այս նման դեպքերի պատասխանատուն նաև այն մարդիկ են, որոնք քաղաքացիական հասարակության և կառավարության համատեղ ջանքերը դեմոնիզացնում էին՝ թույլ չտալով հանրության շրջանում իրազեկվածության և կրթական աստիճանը բարձրացնել։
Ես վախենամ՝ այդ դեպքերը շատ ավելի ծավալով մեծ են, քան մենք ընդհանրապես դրա մասին պատկերացում ունենք։ Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ կան, որոնք տասնամյակով են այդ երևույթների դեմ պայքարում և նրանք անընդհատ լրատվամիջոցների և քաղաքական ուժերի թիրախում են որպես ապազգային, որպես մեզ ավանդական արժեքների դեմ գործող կազմակերպություններ։ Այս փաստերը ի ցույց են դնում, որ ավանդական արժեքների պաշտպանության դիրքերից որոշ դեպքերում հանդես են գալիս ուղիղ կամ ուղղակի հանդես են գալիս մանկապղծությունը պաշտպանողները»,– հայտարարեց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է իրավապահ մարմինների աշխատանքին, վարչապետը նշեց, որ իրենք իրավապահ համակարգը բարեփոխել են և կշարունակեն բարեփոխել։
Նշենք, որ երեկ Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է և նրանց նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել։
Ավելի վաղ դատախազությունից հայտնել էին, որ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ)։
Հիշեցնենք, որ փաստաբան Վարդուհի Էլբակյանը երեկ հայտնել էր, որ գործում ներգրավված է 3 անձ, տուժողները 2 քույրեր են՝ 15 և 17 տարեկան։ Նա նաև հայտնել էր, որ աղջիկների հորեղբայրը տեսնելով, որ իրավապահներն անգործություն են ցուցաբերում, դանակահարել էր մանկապղծության մեջ մեղադրվողներից մեկին։ Վերջինս ձերբակալվել է։ Էլբակյանի խոսքով, աղջիկներից ավագը ենթարկվել բուժզննության և հաստատվել է այն, ինչ հայտնել է աղջիկը քննիչներին։
Այսօր արդենՎեդի համայնքում բնակիչները դուրս են եկել փողոց և իրենց վրդովմունք են հայտնում երկու անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքի կապակցությամբ։











