Շուշիի ազատագրումը մեր պատմության մեջ փառահեղ էջ էր։ Այս մասին այսօր՝ մայիսի 8–ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ ցուցակում ընդգրկված Անդրանիկ Քոչարյանը։

«Ցանկացած պետություն միշտ իր պատմության ընթացքում ունենում է թե հաջողություններ, թե անհաջողություններ, և պետք է միշտ դասեր քաղի թե հաջողություններից, թե անհաջողություններից։ Երբ դու ունենում ես ռազմական հաջողություն, պետք է այն ամրապնդել անցնելիք ուղիով, պետականության հիմքերը ամուր պահելով, երկիրը հեռու պահելով ցնցումներից և կոռուպցիայից։ Մենք տեսանք և հաղթանակներ, և պարտություններ, բայց ես համոզված եմ, միշտ աշխատելու է նպատակը, որը միտված է լինելու մեր ժողովրդի անվտանգությանը։

Եթե կա կրակակետ, որ վտանգում է մեր ժողովրդին, դա անպայման կլռեցվի, իսկ դրա համար պետք է ունենալ ամուր պետություն և պետական սահմանների պաշտպանություն»,–ասաց նա։

Հարցին՝ հայ տղաների արյան գնով ազատագրված Շուշին ձեզ համար հայկակա՞ն է, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Կան պատմական ձևակերպումներ, և կան միջազգայնորեն ճանաչված իրողություններ։ Եթե քոնը պետք է լիներ, դու այնտեղ պետք է մնայիր, եթե չես մնացել, ուրեմն դեռ  չես կարողացել դա ամուր դարձնել քոնը, իսկ դա նշանակում է բազմաթիվ բաց թողած սխալներ։

Շուշին եղել է պատմականորեն մերը, հետո մենք կորցրել ենք, հետո անցել է ուրիշների ձեռքը, եղել է նորից մերը, հիմա էլի մերը չի, և այդ ճոճանակը անընդհատ շարժվելու է այնքան ժամանակ, մինչև մենք այնքան ամուր կկանգնենք այն տարածքներում, որը կլինի մերը։ Այդ «մեր»–ի գիտակցումը պետք է մեզ իրավական առումով, մեր նպատակների առումով, պետք է մեկտեղված լինի»։