Մեր մոտեցումները ստրատեգիական են պետությանը վերաբերվող հարցերում, և եթե դրանք տարիների ընթացքում լսվեին, ապա մենք այսօր այսպիսի ծայրահեղ ծանր վիճակում չէինք հայտնվի, մենք չէինք կորցնի Արցախը և չէինք դառնա, ըստ էության, Ադրբեջանի ենթակա մի պետություն, որը անգամ իր գլխավոր օրենքը, սահմանադրությունը, պատրաստ է փոխել Ադրբեջանի կամքով։ Այս մասին այսօր՝ մայիսի 8–ին, ԱԺ–ի դիմաց հայտարարեց Ազգային ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) անդամ, կուսկցության ընտրական ցուցակի 2–րդ համար Գևորգ Սաֆարյանը։
«ԱԺԲ–ն Հայաստանը ընդունում է իրավական Հայաստանի իրավահաջորդ, այլ ոչ թե սովետական Հայաստանի։ Իրավական Հայաստանը Հայաստանի առաջին և միակ հանրապետությունն էր։ Այս մոտեցումը լուծում է այն խնդիրները, որոնք առկա են այսօր։
30 տարիների ընթացքում Ադրբեջանը, չունենալով որևիցե իրավական հիմք, հայտարարել է, որ Արցախը հանդիսանում է Ադրբեջանի տարածք։ Եթե Հայաստանը ընդունած լիներ առաջին Հանրապետության իրավահաջորդությունը, ապա Հայաստանը կդներ բանակցային սեղանին իր ունեցած միջազգային փաստաթղթերը և Ադրբեջանը ոչ մի փաստաթուղթ չուներ նույն սեղանին դնելու։ Սակայն այսօր, օգտվելով Հայաստանի իշխանությունների թուրքահպատակ լինելուց, Ադրբեջանը դատական հայցեր է ներկայացնում միջազգային դատարան՝ ասելով, որ Արցախը Ադրբեջանի տարածք է և Հայաստանը 30 տարի օկուպացրել է այդ տարածքը։
Իսկ Հայաստանի իշխանությունները, ըստ էության, ասում են, որ Ադրբեջանը ճիշտ է ասում, և եթե մենք ընդունենք սովետական Հայաստանի իրավահաջորդությունը, ճանաչենք սովետական Ադրբեջանի տարածքը, Ապա ադրբեջանը միջազգային դատարանում պահանջելու է տասնյակ և հարյուրավոր միլիարդ դոլարների ռազմատուգանք՝ իր տարածքը օկուպացնելու համար»,– հայտարարեց Սաֆարյանը։
Նա հայտարարեց, որ եթե մենք ընդունենք, որ Արցախը Ադրբեջանի տարածք է, մենք ստիպված ենք լինելու վճարել տարիներ շարունակ. «Եթե մենք ընդունենք, որ Արցախը Ադրբեջանի տարածք է, նշանակում է մենք ընդունում ենք, որ մենք ագրեսոր ենք։
Մենք կոչ ենք անում մեր քաղաքացիներին սթափության և ստրատեգիական մտածողության, խաղաղություն բառով ձեզ խաբում են, խաղաղություն բառով ձեզ տանում են կառափնարան։ Ազգային ժողովրդավարական բևեռը միակ քաղաքական ուժն է, որը առաջարկում է այս ճանապարհից հետ կանգնել, և մենք առաջարկում ենք միանալ մեր այս առաջարկին, ընտրելով մեզ»,– հայտարարեց նա։











