Մենք Ռուսաստանի շահերին վնասելու նպատակ չենք ունեցել, չունենք և չենք ունենալու։ Այս մասին մայիսի 11-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով գլխավորում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը։

Նա հավաստիացրել է, որ ողջ քաղաքականությունն իրականացվում է հրապարակային ձևով, և դրա հետևում որևէ դավադրություն չկա։ Փաշինյանը պարզաբանել է, որ Հայաստանը վարում է հավասարակշռող ու հավասարակշռված արտաքին քաղաքականություն, որի առանցքը փոխադարձ հարգանքն ու շահերի ընդունումն է։

«Մենք շարունակելու ենք առաջնորդվել Հայաստանի Հանրապետության պետական շահերով, և մենք շարունակելու ենք խորացնել մեր հարաբերությունները, զարգացնել Ռուսաստանի Դաշնության հետ, այն ըմբռնմամբ, որ անխուսափելի տրանսֆորմացիա է տեղի ունենում այդ հարաբերություններում։ Դա քաղաքական ճաշակի հարց չի, որովհետև կարող է մեկնաբանություն լինել, որ դա կապված է իմ անձի հետ, մեր քաղաքական թիմի հետ, դա օբյեկտիվ իրականությունից բխող պրոցես է։ ՌԴ հետ հարաբերություններում որոշակի դիսկոմֆորտներ ու պարզաբանման ենթակա նրբություններ կան։ Մենք պետք է այս հարցերի վրա աշխատենք հանգիստ, չափված, առանց սթրեսի, առանց ավելորդ նյարդայնացման։ Մենք կհետևենք այս տրամաբանությանը», - նշել է Փաշինյանը։

Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի նախագահի հետ իր հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության վրա։ Փաշինյանը նշել է, որ նույնիսկ ամենասուր հարցերը նրանք քննարկում են հանգիստ, հարգանքով, ընկերական մթնոլորտում և հիմնվելով փաստարկների ու փաստերի վրա։

«Եվ ես այդ տրամաբանությունը շարունակելու եմ։ Իմ հարգանքների հավաստիքը և Ռուսաստանի Դաշնության նախագահին, և Ռուսաստանի Դաշնությանը։ Իհարկե, մենք նաև ԵՄ հետ մեր հետագա հարաբերությունները խորացնելու և ԵՄ անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքի տրամաբանությամբ ենք շարժվելու», — եզրափակել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով, երբ ժամանակը գա, մենք որոշում կկայացնենք (ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ - խմբ.), և չենք սպասի, որ ուրիշները մեզ ասեն։ Նա նշել է, որ դա ի վերջո մեր որոշումն է, և մենք ավելի լավ գիտենք, թե երբ կարող է գալ այդ ժամանակը։ Մենք ԵԱՏՄ անդամ ենք և ընդունել ենք Եվրամիությանն անդամակցելու մասին օրենքը։ Նա հավելել է, որ դա նշանակում է, որ այդ երկու փաստերը կարող են համատեղ գոյակցել միմյանց հետ։