Իր երեք մանկահասակ երեխաների հետ միայնակ մայր Գոհար Հովհաննիսյանը վարձով է բնակվում Գյումրիի կենտրոնական մասում տեղակայված տնակային ավաններից մեկի խոնավ եւ խարխուլ տնակում: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցների այցելության պահին տանը միայն երեխաներն էին: Գյումրիի «Թռչունյան տուն» մանկատան սան 6-ամյա Պարգեւը իր 3-ամյա եղբոր` Դավիթի հետ փորձում էր քնեցնել լացող փոքրիկ քրոջը` մեկուկեսամյա Լիլիթին:
Հարեւան տնակի բնակչուհի Անահիտի պատմելով` մայրն այդ պահին գնացել էր ընտրատեղամասերում տեղակայված ընտրացուցակներում իր անունը փնտրելու:
Մի փոքր սպասելուց հետո երեխաների մայրը` Գոհար Հովհաննիսյանը վերադարձավ եւ մենք զրուցեցինք նրա հետ: Մեզ հետաքրքրում էր, թե սոցիալական նպաստով իրենց գոյությունը պահպանող այս ընտանիքը ինչպես է հայտնվել վարձով տնակում: Պարզվեց, որ նրանք նախկինում բնակվել են վթարային շենքում, որը օր օրի առավել վտանգավոր է դարձել բնակության համար, եւ որոշել են դուրս գալ այդ կիսափլված բնակարանից ու վարձակալել են տնակ: Եվ քանի որ նրանց բնակարանը երկրաշարժի հետեւանքով ամբողջովին չի փլվել, հետեւաբար նրանք բնակարանային փոխհատուցման ենթակա անօթեւանների հերաթացուցակում հաշվառված չեն: Ավելացնենք, որ Գյումրիում այս պահին 88 վթարային բազմաբնակարանային շենքեր եւ տասնյակ տներ կան: Ընդ որում այդ բնակելիներից շատերը ունեն 4-րդ աստիճանի վթարայնություն եւ բնակության համար պիտանի չեն կամ խիստ վտանգավոր են: Այդ շենքերի մոտ 7500 բնակիչների բնակարաններով ապահովելու խնդիրը եւս մնում է չլուծված եւ այդ ընտանիքներին պետության կողմից բնակարանով ապահովելու որեւէ ծրագիր դեռեւս չկա:











