Վեդիում տեղի ունեցած դեպքը որևէ տրամաբանության սահմանում չի տեղավորվում, և մեղավորները շատ խիստ պատիժ պետք է կրեն։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ անդրադառնալով Վեդիում մանկապղծության աղմկահարույց դեպքին և հարցադրմանը, չի կարծում արդյոք, որ եթե դեռևս փետրվարին առաջին ահազանգերի դեպքում պատկան մարմինները անգործություն չցուցաբերեին, ապա դա մինչև ապրիլ չէր ձգվի։

«Ես գիտեմ, որ իրավապահ մարմինները այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում, քրեական ոստիկանությունը իր աշխատանքը պատշաճ իրականացրել է և այստեղ այն կառույցները, որոնք պետք է զբաղվեին դրանով, զբաղվել են»,–ասաց նա։

Հարցին՝ այդ դեպքում պաշտոնանկությունները ինչի՞ հետևանք էին, նա պատասխանեց. «Մնացած մասով, դուք նկատեցիք, որ արձագանքը եղավ նաև մարզում պաշտոնանկությունների տեսքով, և հետագա ընթացքում ոչ միայն ես, այլ նաև մեր բոլոր քաղաքացիները ակնկալում են, որ այստեղ խիստ պատիժ կկիրառվի և մեղավորները խիստ պատիժ կստանան»։

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք յստեղ չկա համայնքապետարանի մեղքի բաժինը, որ անտարբեր է գտնվել խնդիրներ ունեցող երեխաների ընտանիքի նկատմամբ, և արդյոք չպետք է հրաժարական տար նաև ՔՊ–ական համայնքապետ Գարիկ Սարգսյանը, Բաքոյանն ասաց. «Համայնքապետարանը այստեղ որևէ անելիք չուներ և համայնքապետարանից կախված որևէ բան չկար անելու և չի արել։ Համայնքապետարանի տիրույթում որևէ գործառույթ չի եղել, ամբողջ աշխատանքը եղել է իրավապահ համակարգի տիրույթում, և իրավապահ համակարգը այն իրականացրել է, այլ բան է, թե Ի՞նչ ձևաչափով է իրականացրել և դա բավարար է եղել, թե ոչ։ Դրա արդյունքը եղել են նաև հետագա հրաժարականները:

Համայնքապետարանի խնամակալության բաժինը սահմանված կարգով այցերը իրականացրել է, համայնքապետարանը որևէ արձագանք չի ստացել ոչ դպրոցից, ոչ հարևաններից, ոչ ընտանիքից, և ասել, որ համայնքապետարանը այստեղ որևէ կապ ունի, արդարացի չեմ համարում»։

NEWS.am-ի լրագրողը հետաքրքրվեց նաև, թե արդյոք բաքոյանը տեղյակ է, թե ինչի մասին էր այսօր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շշնջում Փաշինյանի ականչին՝ ասելով «թուրքերն այսօր բացում են...»։

«Ենթադրում եմ, որ խոսքը սահմանի բացման մասին կարող է լինի, իսկ եթե սահմանի բացման մասին է խոսքը, ես միայն ուրախ եմ և ողջունում եմ։ Ես ուրախ եմ մեր պետության համար, որ մենք հասել ենք այն արդյունքին, որ կարող ենք Թուրքիայի հետ մեր սահմանները բացել, որովհետև Թուրքիայի հետ սահմանները Հայաստանը չի փակել, այլ Թուրքիան։ Հիմա մեր դիվանագիտության արդյունքում, եթե մենք հասել ենք այդ հաջողության, ապա ես մեզ դրա համար շնորհավորում եմ»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Վեդիում մանկապղծության դեպքով քրեական վարույթի նախաքննության ընթացքում երեք անձ է կալանավորվել։

Հիշեցնենք, որ լրատվամիջոցների հաղորդմամբ ՝ Վեդիում մանկապղծության դեպք է գրանցվել։ Արարքը կատարել են 58 և 65 տարեկան տղամարդիկ։ Տղամարդիկ ազատ են արձակվել ձերբակալության 72 ժամը չլրացած։ Փետրվարի 12-ին նախաձեռնվել է վարույթ 15-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների հոդվածով, սակայն որևէ գործողություն չի կատարվել, ինչին հաջորդել է նաև 17-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնությունը։