Իրանում Հայաստանի առևտրային կցորդն ինձ զեկուցել է, որ Իրանից հեղուկ գազի արտահանման խնդիրը լուծվել է. դա նշանակում է, որ առաջիկա օրերին երկիր կմտնի նաև իրանական հեղուկ գազ, ինչն է՛լ ավելի կնվազեցնի գները։ Այս մասին մայիսի 13-ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել է արձակուրդում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա տեղեկացրել է, որ Ռուսաստանից Հայաստան հեղուկ գազը ներկրվում է անխափան ձևով՝ միաժամանակ պարզաբանելով, որ ՌԴ-ում գները բարձրացել են, ինչն իր ազդեցությունն է թողել նաև Հայաստանում առկա գների վրա։
Պապոյանը հույս է հայտնել, որ Իրանից հեղուկ գազի ներկրումը դրական ազդեցություն կունենա, և գները է՛լ ավելի կնվազեն, քանի որ իրանական գազն ավելի էժան է։
«Ռուսաստանից և Իրանից հեղուկ գազի մեծ ծավալները պետք է իրենց դրական դերը խաղան։ Ես մայիսի 1-ին էլ եմ ասել, որ այս փուլում՝ կարճաժամկետ հեռանկարում քիչ պակաս իրատեսական եմ համարում նախկին գների վերադարձը, քանի որ Ռուսաստանում ինչ-որ պետական տուրք է դրվել արտահանման վրա»,- նշել է նա։ Պապոյանը հավելել է, որ մայիսին Հայաստան շատ քիչ քանակությամբ հեղուկ գազ է ներկրվել, ինչը դեֆիցիտ է առաջացրել շուկայում։
Նրա խոսքով՝ իշխանությունների պլան-մինիմումը Հայաստանը հեղուկ գազի բավարար ծավալներով ապահովելն էր, ինչն այսօրվա դրությամբ արված է։
«Հայաստանում կա հեղուկ գազ՝ բոլոր տեղերում և գինն էլ 300+ էր արդեն։ Հիմա ես նոր նայում է ու տեսա, որ Ապարանում գինը 240 դրամ է։ Գինը պետք է իջնի, պրոցեսը դանդաղ գնում է», - եզրափակել է Պապոյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Մրցակցության պաշտպանության և սպառողների շահերի հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը դեռևս ապրիլի 30-ին հայտարարել էր, որ գազի գինը մի քանի օրից կսկսի նվազել։











