«Փոխանակ տրվելու այն ճիչերին, թե իշխանափոխության դեպքում պատերազմն անխուսափելի է, շատ ավելի ճիշտ է "հեռացնել" այս վարչակարգը մինչև սեպտեմբեր, և այդ ժամանակ ոչ մի պատերազմ չի լինի, իսկ մարդիկ կկարողանան հանգիստ ապրել»։ Մայիսի 13-ին Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հզոր Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը: Հանդիպումը տեղի է ունեցել Կարապետյանի առանձնատան բակում, քանի որ նա տնային կալանքի տակ է և չի կարող հանդիպումներ անցկացնել այլ վայրերում։

Սամվել Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանի գործող ղեկավարությունը իշխանությունը պահում է բացառապես հասարակությանը վախեցնելու և արտաքին սպառնալիքի մասին շահարկումների միջոցով։ Նա նշել է, որ «վարչապետը դուրս է գալիս ու գոռում, թե եթե իրեն չընտրեն, ապա սեպտեմբերին պատերազմ կսկսվի», սակայն իրականում հենց ներկայիս թիմի հեռացումը կդառնա կայունության երաշխիք։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ կառավարման տարիների ընթացքում ներկայիս իշխանությունը մարդկանց հասցրել է ծայրահեղ աղքատության և ապատիայի՝ ստիպելով գյուղական երիտասարդությանը երազել միայն մեկ բանի մասին՝ օր առաջ ավարտել ծառայությունը բանակում և ընդմիշտ հեռանալ երկրից։

Վարչապետի թեկնածուն նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանում այսօր փորձում են քրեականացնել բուն «Հայրենիք» հասկացությունը և ազգային արժեքները։ Նա շեշտել է, որ եկեղեցին պաշտպանելու կոչի պատճառով ինքն արդեն մեկ տարի է, ինչ կալանքի տակ է, որից յոթ ամիսն անցկացրել է ծանրագույն պայմաններում։ Բարերարի կարծիքով՝ կառավարությունը «պղծել է ամեն ինչ՝ հերոսներից մինչև սրբություններ»՝ կազմակերպելով ուժայինների աննախադեպ հարձակումներ Էջմիածնի վրա, ինչը շոկ է առաջացրել նույնիսկ եվրոպացի դիվանագետների շրջանում։ Կարապետյանը եզրափակել  է, որ անհրաժեշտ է ոչ թե պարզապես փոխել իշխանությունը, այլ առողջացնել հասարակությունը՝ վերադարձնելով նրան հավատը սեփական ուժերի հանդեպ և ազատելով պարտադրված վախերից։