Հայաստանում փոփոխություններ և լրացումներ են կատարվել ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրում։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության մայիսի 14-ի նիստում։

Մասնավորապես՝ բարձրացվել է պետական աջակցությամբ ձեռք բերվող տոհմային մանր եղջերավոր անասունների առավելագույն քանակը՝ 300-ից հասնելով մինչև 1000-ի։

Նախագիծը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ «Ներկայացված նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրում։ Մասնավորապես՝ գործող ծրագրով պետական աջակցություն է տրամադրվում յուրաքանչյուր շահառուի կողմից առավելագույնը 300 գլուխ տոհմային կենդանի ձեռք բերելու նպատակով։ Մինչդեռ մասնավոր հատվածից մենք ազդակներ ենք ստանում այն մասին, որ ավելի մեծ գլխաքանակի դեպքում հնարավոր կլինի ստեղծել ոչ միայն մսատվության ավելի մասշտաբային ֆերմերային տնտեսություններ, այլ նաև կազմակերպել կաթի արտադրություն ու վերամշակում», — հայտարարել է Խոջոյանը

Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով էլ առաջարկվում է ծրագրով սահմանված առավելագույն շեմը 300-ից հասցնել 1000 գլխի։ Փոխնախարարը նշել է, որ նախագծով ներդրվում է նաև նոր պահանջ՝ կենդանիների հետագծելիությունն ապահովելու նպատակով։ «Նախագծով առաջարկվում է նաև սահմանել պահանջ, ըստ որի՝ ներկրված կամ տեղական շուկայից ձեռք բերված տոհմային կենդանիները պետք է գրանցված լինեն գյուղատնտեսական կենդանիների հաշվառման տեղեկատվական համակարգում», — պարզաբանել է փոխնախարարը։

Պաշտոնյան հիշեցրել է նաև ծրագրով նախատեսված պետական աջակցության պայմանների մասին։ «Իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը տոհմային ոչխարներ կամ այծեր ձեռք բերելու նպատակով կարող են ստանալ փոխհատուցում՝ ձեռքբերման արժեքի 50%-ի չափով։ Եթե կենդանին ներկրվում է արտերկրից, ծրագրով սահմանված առավելագույն գումարը կազմում է 450 հազար դրամ, իսկ եթե այն ձեռք է բերվում տեղական շուկայից, բայց համապատասխանում է տոհմային քարտին, ապա առավելագույն գումարը սահմանվում է 300 հազար դրամ», — ասել է Արման Խոջոյանը։

Նրա խոսքով՝ նախկինում իրականացված ծրագրերի արդյունքում արդեն իսկ ձեռք է բերվել շուրջ 2350 գլուխ մանր եղջերավոր անասուն։ Ընդ որում, 2026 թվականի համար արդեն հաստատվել են 1300 գլխի ձեռքբերման հայտեր։