ՔՊ քարոզարշավի շրջանակներում, այսօր՝ մայիսի 14–ին, Երևանի Աջափնյակ թաղամասում, որտեղ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիս էր հրավիրել բացօթյա տաղավարներից մեկում, մի կին մոտեցավ և ընդհատելով ասուլիսը, հայտարարեց, որ համայնքների ղեկավարները շներին չեն ստերջացնում, բայց դրա դիմաց մեծ փողեր են ստանում։

«Ես ձեզ ժիվոյ շուն են բերել՝ կլիպսով և կրծքերը լիքը ու ձագերով։ Ես ձեզ շատ հարգում եմ ես մի անգամ չեմ ասել ,որ ընտրելու եմ ձեզ, բայց ուզում եմ՝ դուք իմանաք ձեր համայնքի ղեկավարների կոռուպցիայի մասին։ Ամեն մի շուն ստերջացնելը 25000 դրամ է։ Պարոն Փաշինյանը տեղյակ չի սրանից, ես համոզված եմ։ Կլիպսը խփում են, բայց չեն ստերջացնում, շները ծննդաբերում են։

Ազգային ժողովը օրենք է ընդունել, որտեղ կետ կա, որ վերահսկողությունը նորից լինելու է համայնքների վրա, այսինք կոռուպցիայի ռիսկով օրենք է ընդունել։ Արդեն 150–րդ շունն է, ես նկարահանում եմ։ Համայնքները տենդեր շահած կազմակերպությունների հետ փողերը լվանում են։ Շան ականջին խփում են 300 դրամաոց կլիպս, 24 հազար 700 դրամը գրպանում են»,–ասաց նա։

Փաշինյանը դիմելով լրագրողներին՝ պարզաբանեց. «Տիկինը նկատի ունի, որ ստերջացնելու համար համար տրամադրված գումարները ճիշտ չեն օգտագործում, և շները շարունակում են ծննդաբերել»։ Նա ասաց, որ հանձնարարել է այդ հարցով զբաղվել. «Եթե այդ շունը ձեզ ենթարկվում է, կխնդրեմ շնը փոխանցել մեր վերահսկողական մարմիններին։ Տվեք ոստիկանությանը այդ շանը, ես հենց այդ շան օրինակով, էդ համարով կգնամ»։

«Շնորհակալություն, որ լսեցիք ինձ»,–ասաց շների պաշտպանությամբ զբաղվող քաղաքացին։