«Ջուր ծեծելու» ակցիայից առաջ դատարկվել է Կարապի լիճը․ ըստ պատասխանատուների՝ սանիտարական մաքրման օր է
«Բոլորին դեմ եմ» կուսակցության ակցիային ընդառաջ առավոտյան դատարկվել է Կարապի լիճը։ Հիշեցնենք, որ կուսակցությունը երեկ հայտնել էր, որ նախատեսում է այսօր «ջուր ծեծելու» ակցիա իրականացնել Կարապի լճում։
Թեև լիճը դատարկ էր, սակայն կուսակցության անդամներն իրենց ակցիան իրականացրեցին։ Նրանք ջուր էին լցրել ռետինե նավակի մեջ և այդտեղ էին «ջուր ծեծում»։
«Սա հերթական վկայությունն է, որ իշխանությունները ջուր ծեծելու հարցում մրցակիցներ չեն հանդուրժում։ Տեղեկացնում ենք, որ հայ քաղաքական միտքը ցանկացած անհնար իրավիճակում անգամ կգտնի ջուր ծեծելու հնարավորություն։ Այնպես, որ բոլորիդ սպասում ենք այսօր, նույն տեղում, նույն ժամին»,- հայտնում է «Բոլորին դեմ եմ»-ը։
Երևանի քաղաքապետարանի Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՊՈԱԿ-ից հայտնել են, որ շաբաթական մեկ օր մայրաքաղաքի արհեստական լճերն ու շատրվանները մաքրվում են և յուրաքանչյուրն ունի իր սանիտարական մաքրման օրը։











