«Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ նա այդ օրը կամ չի խմել իր դեղերը, կամ նրա մոտ սկսվել է հերթական գարնանային սրացումը, որի բնույթն ավելի լավ է ճշտել բժիշկներից», լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ մեկնաբանելով Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները և պատասխանատվությունն այլոց վրա բարդելու փորձերը։
Քոչարյանն ընդգծել է, որ հենց ներկայիս վարչապետն է եղել այդ անկարգությունների առաջին սադրիչն ու կազմակերպիչը, որը մարդկանց դրդում էր ոստիկանության հետ բախումների։ Նա նշել է, որ կառավարության ղեկավարի ներկա պահվածքը հիշեցնում է հիստերիա, որը վերջինս սխալմամբ նախընտրական պայքարին հարիր ոճ է համարում։
Ըստ երկրորդ նախագահի՝ ընդդիմության հասցեին հնչող նմանատիպ սպառնալիքները և իրավապահների վրա ազդելու փորձերն իր մոտ մտավախություններ չեն առաջացնում, քանի որ դեռ 2018 թվականին նա ապացուցել է «սահմանադրական կարգի տապալման» մեղադրանքների սնանկությունը և արդարացվել է։
Պատասխանելով ընտրություններից հետո հնարավոր սցենարների և ընդդիմության նկատմամբ ճնշումների մասին հարցերին՝ քաղաքական գործիչն ընդգծել է, որ մտադիր չէ մինչև քվեարկության ավարտը հիպոթետիկ տարբերակներ քննարկել։ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Վրաստանի օրինակը, որտեղ ընդդիմությունը վայր դրեց մանդատները՝ առանց որևէ արդյունքի հասնելու, ցույց է տալիս նման քայլերի անարդյունավետությունը։
Նա ամփոփել է, որ դաշինքը որոշում կընդունի՝ ելնելով ընտրությունների վերջնական արդյունքներից՝ հավելելով, որ հին գործերը վերաորակելու կամ նոր քրեական հետապնդումներ նախաձեռնելու ոչ մի փորձ իրեն չի ստիպի նահանջել քաղաքական պայքարից։











