Երևանի քաղաքապետարանը՝ զարմանալի զուգադիպությամբ հենց նախընտրական մրցարշավի փուլում, ստացել է 45 նոր տրոլեյբուս, որոնք այսօր՝ մայիսի 16-ին, իշխող կուսակցության քարոզարշավի շրջանակներում ցուցադրվել են երևանցիներին։
Տրոլեյբուսներն ամբողջությամբ գնվել են կառավարության միջոցներով, և, դատելով վարչապետի հռետորաբանությունից, առանց մրցույթի անցկացման։
«Մենք հերթական անգամ (Երևանի քաղաքապետ) Ավինյանի հետ քննարկում էինք տրանսպորտային խնդիրը, մտածում էինք՝ ինչպես այն լուծել արագ և արդյունավետ։ Ու հանգեցինք այն եզրակացության, որ պետք է հենց այդպես էլ անել։ Կառավարությունն ամբողջությամբ ֆինանսավորեց ծրագիրը։ Միջոցներ հատկացրինք… և առավելագույնս արագ ամեն ինչ կազմակերպեցինք։ Դա նույնպես կարևոր է, թե չէ սկսվում է՝ մրցույթներ, էս կողմ, էն կողմ… Մենք դա արեցինք արագ և լավագույն գնով»,- մասնավորապես հայտարարել է Փաշինյանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ նախկինում քաղաքապետարանի կողմից ձեռք էր բերվել 15 տրոլեյբուսից բաղկացած երկու խմբաքանակ, և ստացված 45 տրոլեյբուսների շնորհիվ կհաջողվի ամբողջությամբ փոխարինել հին շարժակազմը։ «Տրոլեյբուսային պարկն ամբողջությամբ թարմացնում ենք նոր տրոլեյբուսներով»,- հայտարարել է քաղաքապետը։
Նա նշել է, որ նոր մեքենաները ներկառուցված մարտկոցների շնորհիվ ունակ են առանց հոսանքագծերի տեղաշարժվել մինչև 60 կիլոմետր։ Ավինյանի խոսքով՝ սա հատկապես կարևոր է Երևանի համար, որտեղ երթուղիների մի մասը ապահովված չէ լարերով։
Փաշինյանն իր հերթին ընդգծել է, որ խոշոր խմբաքանակի գնման մասին որոշումն ընդունվել է տրոլեյբուսների նախորդ խմբաքանակների աշխատանքի վերլուծությունից հետո։
«Մենք համոզվեցինք, որ տրոլեյբուսային գծերը կենսունակ են, և տրոլեյբուսներն իրականում աշխատելու են Երևանում»,- նշել է վարչապետը։
Զննման ընթացքում Ավինյանն ու Փաշինյանը հերթագայելով գովաբանել են նոր մեքենաների տեխնիկական հնարավորությունները՝ օդորակման և ջեռուցման համակարգերը, տեսախցիկները, վճարային սարքերը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հարմարանքները։ Առանձնահատուկ քննարկվել են նաև վարորդների աշխատանքային պայմանները, այդ թվում՝ նստատեղերի հարմարավետությունն ու հերթափոխերի տևողությունը։
Վարչապետը նաև հայտարարել է, որ նոր տրոլեյբուսների ձեռքբերումը հնարավոր է դարձել պետությանը վերադարձված միջոցների շնորհիվ։ «Սա նույնպես վերադարձված թալանի մի մասն է։ Նախկինում այս փողերով ոչ թե տրոլեյբուսներ կգնվեին, այլ չգիտեմ ինչ՝ «Համերներ», «Ֆերարիներ», «Պորշեր» և այդպես շարունակ»,- ասել է Փաշինյանը։











